Սեպտեմբերի 24-25-ը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի բացման շրջանակում, տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այս մասին սեպտեմբերի 16-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը:
Ըստ նրա՝ նախ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները առանձին հանդիպումներ կանցկացնեն նախարարների հետ, այնուհետև տեղի կունենա համատեղ հանդիպում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Վերջին շրջանում հաճախացել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Հուսով եմ՝ հանդիպման ժամանակ այդ կապակցությամբ ինչ-որ արդյունք ձեռք կբերվի», - ասել է Մամեդյարովը:
Նա նաև նկատել է, որ արդյունքներին հասնելու համար պետք է աշխատել, քննարկել որոշ հարցեր:
«Ռուսաստանը ամրապնդել է իր դիվանագիտությունը՝ շարունակելով սատարել ԱՀԿ-ի Մինսկի խմբին:Սերգեյ Լավրովը ժամանել էր Ադրբեջան, իսկ ես եղել եմ Մոսկվայում: Կձգտենք արդյունքների հասնել, սակայն նախօրոք խոսել ինչ-որ բանի մասին դժվար է», - հավելել է Մամեդյարովը:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների հետագա քայլերի հարցը սեպտեմբերի 15-ին հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում հանդիպմանը միջնորդները նախարարների հետ կքննարկեն տարեվերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը: Դեսպան Սեկուտան նաև տեղեկացրել է, որ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են տարածաշրջան այցելել այս աշնանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրյուն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հուլիսի վերջին Հայաստանում էին, ապա մեկնել էին Ադրբեջան: Նրանց այցի նպատակն էրնախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։
Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: Այդ ժամանակ նախագահները հանդիպել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ինչպես նաև կայացել էր Սարգսյան-Օլանդ-Ալիև եռակողմ հանդիպումը։
Վերջին շրջանում իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված էր: Սեպտեմբերի առաջին օրերից հակառակորդը կրակի տակ էր պահում Տավուշի մարզը:
Սեպտեմբերի 2-ին հակառակորդի գնդակից այնտեղ պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Հայկ Դևոյանը: Զոհեր էր տվել նաև ԼՂՀ ՊԲ-ն՝ամսի 4-ին հակառակորդի ձեռնարկած գործողության արդյունքում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել էին պայմանագրային զինծառայողներ Մարատ Խաչանյանը և Արման Ստեփանյանը: