Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, «Ամերիա» և ամերիկյան «Պրագմա» խորհրդատվական ընկերությունների հետ գործակցությամբ նախաձեռնել է «Հայաստան ներդրումային համաժողով 2016»-ի իրականացումը, որը տեղի կունենա 2016-ի սեպտեմբերին Նյու Յորքում:
Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը սեպտեմբերի 16-ին լրագրողներին ասել է, որ ծրագրի շուրջ բանակցությունները Ասիական զարգացման բանկի հետ սկսվել են մեկ տարի առաջ, իսկ ներկայումս արդեն գոյություն ունի ձևավորված օրակարգ, ընտրված թիմ՝ կազմված պետական մասնավոր գործակցության հիման վրա։
«Ծրագիրը նպատակ ունի խթանել Հայաստանում օտարերկրյա ներդրումները, ներկայացնել երկրի մրցակցային առավելությունները և տնտեսության այն պոտենցիալ ճյուղերը, որտեղ օտարերկրացիները կկարողանան ներդրումներ անել», - ասել է փոխնախարարը, մեջբերում է Tert.am-ը:
Համաժողովի կազմակերպիչ՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Արման Խաչատրյանն իր հերթին նշել է, որ ՀՀ-ն ունի մարտահրավերներ և պետք է թե՛ ռեգիոնալ, թե՛ գլոբալ առումով ունենա մրցունակ տնտեսություն, նոր աշխատատեղեր:
«Դրա համար պետք է ապահովել ներդրումների հոսք Հայաստան, դիվերսիֆիկացնել մեր արտահանման շուկաները: Հենց այս տեսլականով Կառավարության կողմից որդեգրված ներդրումների խթանման ու գործարար միջավայրի բարեփոխման համատեքստում էլ նախաձեռնել ենք այս խոշոր միջոցառումը», - պարզաբանել է նա:
Խաչատրյանը նաև նշել է, որ համաժողովն ուղղված է առաջին հերթին ցուցադրելու ՀՀ-ի ներդրումային հնարավորությունները, գործարար միջավայրի գրավչությունը և հնարավորություն տալ հայ գործարարներին միջազգային հարթակում ներկայացնել իրենց բոլոր նախաձեռնությունները։
Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլին իր հերթին ընդգծել է, որ բանկը վստահություն ունի ՀՀ-ի ապագայի հանդեպ և հավատացած է, որ երկիրը մեծ պոտենցիալ ունի տնտեսական զարգացման մեջ:
«Օտարերկրյա ներդրողները ոչ միայն կարող են օգնել այդ ուղղությամբ, այլ նաև կարող են օգուտ քաղել այդ ամենից։ Հայաստանը բերրի հող է հանդիսանում ներդրումների համար, քանի որ ունի տնտեսական լավ կառավարում, շատ հեշտ է այստեղ բիզնես սկսելը և այստեղ բարձր ունակություններով օժտված աշխատուժ կա», - ասել է նա:
Միաժամանակ Դոլին նկատել է ,որ կա մի բան, որ Հայաստանի դեպքում պակասում է. «Օտարերկրյա ներդրողները բավարար չափով տեղեկացված չեն երկրի ներդրումային հնարավորությունների մասին»։
Համաշխարհային բանկը 2014-ին հրապարակել է Doing Business-ի 12-րդ վարկանիշը, որն ընդգրկում է 189 երկիր ու տարածք: Հայաստանն ընդհանուր ցուցակում 45-րդն է՝ բարելավելով դիրքը 4 կետով 2013-ի համեմատ: Բիզնեսի գրանցման պարզությամբ Հայաստանը 4-րդ տեղում է՝ բարելավելով դիրքը 1 կետով, շինարարության թույլտվություն ստանալու ցուցանիշով 81-րդն է (+ 1 հորիզոնական), էլցանցերին միանալու դյուրությամբ՝ 131-ն է (+ 1 հորիզոնական), միջազգային առևտրի հեշտության առումով՝ 110-ը (+14 հորիզոնական), հարկային վարչարարության որակով՝ 41-ը՝ (+32 հորիզոնական): Առանձին ցուցանիշներով Հայաստանն անկում է գրանցել՝ վարկերի տրամադրում` 36-ը (-6 հորիզոնական), մինորիտար ներդրողների պաշտպանվածություն՝ 49-ը (-1 հորիզոնական): Սեփականության գրանցման պարզությամբ Հայաստանը պահպանել է 7-րդ տեղն աշխարհում:
Ըստ զեկույցի, բիզնեսի վարման ամենանպաստավոր պայմանները Սինգապուրում են, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Հոնկոնգը, Դանիան, Հարավային Կորեան, Նորվեգիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆինլանդիան: