17 սեպտեմբերի 2015 - 17:53 AMT
Աղբյուր. «BBC Մոնիտորինգը» փակում է իր գրասենյակը Բաքվում

«BBC Մոնիտորինգը» փակում է իր գրասենյակը Բաքվում, հայտնել է Sputnik գործակալությունը իրազեկ աղբյուրի վրա հղումով:

Ըստ նրա, BBC Մոնիտորինգը 6 ամսվա ընթացքում կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում և կտեղակայվի Թբիլիսիում: Նման որոշման պատճառները չեն հրապարակվում:

Ինչպես հայտնել է Sputnik-ը, «BBC Մոնիտորինգի» Բաքվի գրասենյակում հրաժարվել են մեկնաբանել հարցը: BBC-ի Լոնդոնի կենտրոնակայանի ռուսական ծառայությունում ևս խուսափել են մեկնաբանություններից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«BBC Մոնիտորինգը» բրիտանական BBC հեռուստառադիոհեռարձակման կորպորացիայի ստորաբաժանումներից է, որը պատասխանատու է աշխարհում TV, մամուլի և ինտերնետ-աղբյուրների մշտադիտարկման նախապատրաստման համար: Այս բաժանմունքը գործում էր Բաքվում շուրջ 15 տարի:

Բաքվում մայիսի 6-ին տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի հանձնման գործընթացը՝ պայմանավորված տարածքի վարձակալության ժամկետի ավարտով: 2014-ի դեկտեմբերի 26-ին ոստիկանության ու դատախազության աշխատակիցները խուզարկություն են անցկացրել «Ազադլիգ» ռադիոկայանում, որն «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բաժանմունքն է: Դիտորդների ու ռադիոկայանի աշխատակիցների կարծիքով՝ այդ լրատվամիջոցի հանդեպ հետապնդումը պայմանավորված է դրա իրականացրած հետաքննություններով՝ մասնավորապես իշխող ընտանիքի կոռուպցիոն կապերի մասին, որոնք իրականացրել էր ռադիոկայանի արդեն ազատազրկված թղթակից Խադիջա Իսմայիլովան։

Ավելի վաղ փակվեց ադրբեջանական անկախ ինտերնետ-հեռուստատեսության Meydan-TV Բաքվի բյուրոն: Meydan-TV-ի ղեկավարությունը հիմնավորել է այդ քայլը խոսքի ազատության բացակայությամբ Ադրբեջանում և իր աշխատակիցների անվտանգությունն ապահովելու անկարողությամբ: Հեռուստաալիքը պարբերաբար լուսաբանել է կոռուպցիոն գործարքները կառավարությունում և Ադրբեջանի ուժային կառուցյներում և մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումները երկրում: