25 հոկտեմբերի 2006 - 18:11 AMT
Ռուսաստանի գործողությունները Վրաստանի նկատմամբ պայմանավորված են արյունահեղությունը կանխելու ձգտմամբ
«Մարդիկ Աբխազիայում, Հարավային Օսիայում չափազանց մտահոգված են Վրաստանի ռազմականացմամբ: Մենք Ռուսաստանում եւս անհանգստացած ենք դրանով: Ռուս-վրացական հարաբերությունների վատթարացումը կապված է հենց դրա հետ, հենց հարավ-օսական կամ աբխազական խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձի կամ նախապատրաստման հետ»,-հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր ուղիղ եթերում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: «Եթե Վրաստանի ղեկավարությունը գնա այդ քայլին, դա մեծ սխալ կլինի եւ ես չեմ կարծում, որ դա օգուտ կբերի վրաց ժողովրդին: Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ իրադարձությունների նման զարգացում: Եթե մարդիկ ցանկանում են ապրել իրար հետ, ապա պետք է օգտվել խաղաղ միջոցներից, պետք է որոնել համաձայնության ուղիներ, փոխզիջումների ուղիներ: Ի դեպ, բոլոր գործողությունները, որ մենք կիրառում ենք Վրաստանի հանդեպ, կապված չեն ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների կամ մեկ այլ բանի հետ: Ցանկացած պետություն ինքնիշխան է եւ ինքն է որոշում, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը: Մեր գործողությունները պայմանավորված են միայն մեկ բանով` արյունահեղությունը կանխելու ձգտմամբ: