24 սեպտեմբերի 2015 - 14:59 AMT
Հարյուրավոր զոհեր հրմշտոցում, հազարավոր դատարկ վրաններ. Սաուդյան Արաբիայում Հաջն է

Սաուդյան Արաբիայում Հաջի՝ դեպի Մեքքա ու դրա շրջակայքեր ամենամյա ուխտագնացության երրորդ օրն է: Մինա հովտում մարդկային ամբոխի կուտակումը ողբերգության է վերածվել. հրմշտոցում զոհվել է առնվազն 310 մարդ, ավելի քան 400-ը վիրավորվել է, հատնում է Reuters գործակալությունը: Ավելի ուշ պաշտոնական աղբյուրները հայտնեցին առնվազն 717 մարդու զոհվելու մասին:

Փրկարարները, բշիշկներն ու ոստիկանությունը շարունակում են տեղում տարվող աշխատանքները՝ մարդկանց փրկելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ հաջին նախորդել է մեկ այլ ողբերգություն, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Սաուդյան Արաբիայի գլխավոր Ալ-Հարամ մզկիթում: Շինարարական աշտարակն ընկել է մարդկանց ամբոխի վրա: Միջադեպում զոհվել է 109 մարդ, վիրավորվել՝ առնվազն 230-ը:

Բացի այդ, Հաջն անցնում է Եվրոպայում սիրիացի փախստականների ներհոսքի հետ կապված ճգնաժամի ու փախստանաններին ընդունել մերժելու որոշման ֆոնին. դրան ընդառաջ նախապատրաստությունը սաուդյան քաղաքականության քննադատության նոր առիթ է դարձել; Ինչպես գրում է The Washington Times պարբերականը, մինչ եվրոպական երկրները վիճում են փախստականներին տեղաբաշխելու շուրջ ու փորձում լուծել այն, Սաուդյան Արաբիան չի ընդունում և ոչ մի փախստականի: Բացի այդ, Հաջի մասնակիցների համար Մինա հովտում կառուցված է ավելի քան 100 հազար վրանով ճամբարային քաղաք, որը նախատեսված է ավելի քան 3 մլն ուխտագնացի ընդունելության համար: Կլոր տարի, սակայն, ճամբարը դատարկ է, և օգտագործվում է ընդամենը Հաջի մի քանի օրվա ընթացքում, նշում է պարբերականը:

2014 թվականին Հաջին մասնակցել է ավելի քան 2 մլն ուխտագնաց: Ենթադրվում է, որ այս տարի Սաուդյան Արաբիան կընդունի մոտ 3 մլն ուխտավոր: