ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 24-ին հակառակորդի կողմից հրադադարի խախտումների ու դրանց հետևանքների մասին՝ անդրադառնալով նաև զոհերին ու վիրավորներին։ Դրանում, մասնավորապես, ասվում է․
«Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում:
Հակառակորդի կողմից Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության արդյունքում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 2-ը՝ վիրավորվել։
Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում են իրավիճակը շփման գծում:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության հետ սահմաներձ ադրբեջանական ազգաբնակչությանը կոչ ենք անում այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ ԶՈւ-ն դիմելու է համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:
Բերդավանում հակառակորդի արձակած գնդակից մահացել են խաղաղ բնակիչներ Ռևազյան Սոնան և Ասատրյան Շուշանը։ Եվս 2 տղամարդ վիրավորվել է:
Սեպտեմբերի 22-ին Այգեպարի ուղղությամբ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակն անցկացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագծի հերթական դիտարկումը: Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվետբերգը: Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ պաշտոնյաներին Այգեպարի գյուղապետարանում ներկայացվել է Տավուշի սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:
Իր հերթին ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է․
«Համանախագահները կապի մեջ են Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կողմերի հետ ու կոչ են անում վերջ տալ բռնություններին»:
Կարդացեք նաև՝ Սահմանամերձ գյուղերի գնդակոծման հետևանքով զոհվել է 3 խաղաղ բնակիչ, ևս 2-ը վիրավոր են