28 սեպտեմբերի 2015 - 19:19 AMT
ՀՀ ՔԿ. Տավուշի գնդակոծության հետևանքով պատճառվել են խոշոր նյութական վնասներ

Սեպտեմբերի 24-ին հակառակորդի մարտական դիրքերից հրաձգային զինատեսակների և ականանետերի կիրառմամբ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծության հետևանքով գյուղացիներին և համայնքային սեփականությանը պատճառվել են խոշոր չափերի նյութական վնասներ։

Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։

Քննության շրջանակում կատարված զննությունների արդյունքում հայտնաբերվել են զինամթերքի, ականների բեկորներ, որոնց նկատմամբ նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։

Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ ադրբեջանական մարտական դիրքերից 2015-ի սեպտեմբերի 24-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերի 3 բնակչի սպանության, 4-ի նկատմամբ սպանության փորձ կատարելու, գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքերի առթիվ։

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանը գնդակոծել էր Տավուշի մարզի Դովեղ և Բարեկամավան գյուղերը: Զոհեր և վիրավորներ չկային, սակայն գյուղերը կրել են նյութական վնաս:Իսկ սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Նույն օրը հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր: Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարեց ևս մեկ զոհի և 3 վիրավորի մասին: