Թուրքիան շահագրգռված է ակտիվացնել գործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ, հայտարարել է այդ երկրի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքջին Ղազախստանի ազգային տնտեսության նախարար Երբոլատ Դոսաևի հետ հանդիպմանը:
«Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին նշել է, որ շահագրգռված է մասնակցել Աքտաուում նավահանգստի արդիականացման «Նուրլի-ժոլ» պետծրագրի նախագծերի իրականացմանը, ինչպես նաև առաջարկել է ակտիվացնել Թուրքիայի գործակցությունը ԵՏՄ երկրերի հետ»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև երկու երկրների ներդրումային գործակցությունը: «2005-ից մինչև 2015-ի առաջին եռամսյակը Ղազախստանում ավելի քան 1,8 մլրդ դոլարի թուրքական ներդրումներ են կատարվել: Թուրքիայում կատարվել է գրեթե 970 մլն դոլարի ուղիղ ղազախական ներդրում»,-ասել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարարը:
Մինչդեռ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ ԵՏՄ անդամ Հայաստանի հետ:
1993թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը Հայաստանի հետ: Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, որոնցից հիմնական են ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններն Ադրբեջանին վերադարձը ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը: 1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:
ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:
Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար:
Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը: