2 հոկտեմբերի 2015 - 15:45 AMT
Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն կնկարահանվեն Ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմում

Ջեյմս Քրոմվելը և Ժան Ռենոն Քրիստիան Բեյլի հետ միասին կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» (The Promise) ֆիլմում, հայտնում է Variety-ին:

Պատմական ժապավենը նկարահանում է ռեժիսոր և սցենարիստ Թերի Ջորջը Ռոբին Սվիքորդի հետ համատեղ գրած սցենարով: Ֆիլմի հիմքում սիրային պատմություն է, որը ծավալվում է 1922 թ.` Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Գլխավոր հերոսներն են բժշկականի ուսանողը, որին խաղում է Օսկար Այզեկը, Փարիզում աշխատող ամերիկացի լրագրողը` Քրիսթիան Բեյլի դերակատարմամբ և նրբագեղ մի կին Շառլոթ լը Բոնի դերակատարմամբ, հայտնում է Sputnikarmenia-ն:

Ջեյմս Քրոմվելն էկրանին կմարմնավորի ԱՄՆ դեսպանին, որը հերոս է դառնում, իսկ Ռենոն` ֆրանսիացի ծովակալին:

Նկարահանումները սկսվել են Իսպանիայում և Պորտուգալիայում և կշարունակվեն մինչև դեկտեմբեր:

Ֆիլմը ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր և բարերար Քըրք Քրքորյանի վերջին մտահղացումն էր: Նա վախճանվեց հունիսի 16-ին 98 տարեկանում: Քրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի:

Ֆիլմը նկարահանում է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորում է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել է, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել է նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին:

Գլեյզերի բնորոշմամբ՝ «Խոստումը» լինելու է հոյակապ սիրային պատմություն, ինչպես նաև` առաջամարտիկ՝ մարդու իրավունքների ասպարեզում:

Այս առնչությամբ Facebook-ի իր էջում հրապարակում է արել նաև աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը՝ հայտնելով, որ ինքը ևս մասնակցում է նախագծին: «Անցած մի քանի տարիներին ես եզակի պատիվ եմ ունեցել օգնելու և խորհուրդներ տալու իմ ընկեր Էսրաիլյանին այս խոշոր կինոֆիլմի առիթով», - գրել է Թանկյանը: