7 հոկտեմբերի 2015 - 11:26 AMT
«Գազպրոմը» որոշել է կիսով չափ կրճատել «Թուրքական հոսքի» հզորությունը

«Գազպրոմը» որոշել է հրաժարվել «Թուրքական հոսք» գազամուղի հզորությունների կեսից: Այդ մասին հայտաարել է կոնցերնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ըստ նրա, այժմ խողովակաշարով նախատեսվում է փոխադրել մինչև 32 մլրդ խմ գազ: «Դա հաշվի առնելով այն հզորությունները, որ լինելու են հյուսիսում»,-պարզաբանել է Միլլերը:

Հավանաբար, խոսքը «Հյուսիսային հոսք-2-ի» մասին է, որի շինարարության մասին համաձայնագիրը ստորագրվեց սեպտեմբերի սկզբին Արևելյան տնտեսական համաժողովում: Ինչպես հոկտեմբերի 6-ին նշել էր «Գազպրոմի» ղեկավարը, նոր գազամուղը կկառուցվի «Հյուսիսային հոսք-1-ի» նախագծով: Ինչպես ակնկալվում է, գազամուղի 3-րդ և 4-րդ ճյուղերի հզորությունը կկազմի 55 մլրդ խմ:

Միևնույն ժամանակ «Գազպրոմի» ղեկավարը կարծում է, որ քաղաքական գործոնները չեն կարող ազդել «Թուրքական հոսքի» նախագծի իրականացման վրա:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

«Կա պայմանավորվածություն, որն արդեն կյանքի է կոչվում` դա միջկառավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստումն է: Այդ աշխատանքը հիմա տարվում է Թուրքիայի նախարարության հետ: Դրանք առարկայական բանակցություններ չեն կոնկրետ գազամուղի հզորության, նախագծի իրագործման ժամկետների, առաքումների մեկնարկի մասին, դա աշխատքն է համաձայնագրի տեքստի վրա, այդ աշխատանքի վրա ոչ մի այլ գործոն չի ազդում»,-ասել է Միլլերը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող են իրադարձությունները Սիրիայում ազդել նախագծի իրականացման վրա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ իշխանություններին Սիրիայում իրավիճակի համար: Նա մասնավորապես ասել է. «Բոլորին են հայտնի մեր լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Սակայն եթե ՌԴ-ն կորցնի այնպիսի բարեկամի, ինչպիսին Թուրքիան է, որի հետ համագործակցում է տարբեր ոլորտներում, նա շատ բանից կզրկվի: Մոսկվան պետք է դա իմանա»: Էրդողանը նաև նշել է, որ ռուսական ավիացիայի կողմից Թուրքիայի օդային սահմանի խախտումը շոշափում է նաև ՆԱՏՕ-ի շահերը: Էրդողանը հայտարարել է, որ հարձակումը Թուրքիայի վրա կընկալվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի դեմ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել էր, որ ռուսական ռազմական օդանավերը պատահաբար չեն հայտնվել Թուրքիայի օդային տարածքում` կոչ անելով Մոսկվային «խուսափել նման գործողություններից»:

Ռուսաստանը որոշեց կառուցել «Թուրքական հոսքը» 2014-ի դեկտեմբերին, երբ սառեցվեց «Հարավային հոսք» նախագիծը: Գազամուղն անցնելու է Սև ծովի հատակով, այնուհետև Թուրքիայի տարածքով մինչև Հունաստանի սահմանը: Նոր գազամուղն այլընտրանքային է Ռուսաստանի համար իր գազը Արևմուտք հասնցելու համար` շրջանցելով Ուկրաինան: Սեպտեմբերին «Գազպրոմի» վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը հայտարարեց, որ «Թուրքական հոսք» գազամուղի գործարկումը, որը նախատեսվում էր 2016-ի ավարտին, հետաձգվում է: