7 հոկտեմբերի 2015 - 18:53 AMT
ՌԴ-ն հրթիռակոծել է ԻՊ դիրքերը Կասպից ծովում գտնվող նավերից

Ռուսաստանի Կասպիական նավատորմի չորս ռազմանավ հրթիռակոծել են Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերը:

Ընդհանուր առմամբ, հարվածի համար օգտագործվել է 26 թևավոր հրթիռ: Հարված է հասցվել 11 թիրախների, նրանք բոլորն ոչնչացվել են, հայտնում է РБК-ն:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն զեկուցեց Վլադիմիր Պուտինին, որ հարվածները հասցվել են կառավարման կենտրոններին, ռազմական տեխնիկայի կուտակումներին ու ճամբարներին, զինամթերքի պահեստներին: Հարվածները հասցվել են 1500 կմ հեռավորությունից:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում 2014-ի ամռանը: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: