
Հոկտեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Երևանի մետրոպոլիտենի գնացքի վրա գրաֆիտի էպատկերվել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից PanARMENIAN.Net-ին տեղեկացրին, որ դեպքը արձանագրվել է որպես գույքի դիտավորյալ ոչնչացում:
Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում դեպքի առթիվ հետաքննություն է կատարվել, և դրա արդյունքներով կազմված նյութերն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
Գրաֆիտիի մայրենի լեզուն անգլերենն է, մայրաքաղաքը՝ Նյու Յորքը, որի փողոցներում և հատկապես մետրոյում գրաֆիտիից ազատ պատեր դժվարությամբ կարելի է գտնել: Քաղաքի գրաֆիտիստները իրենց արվեստն ու ասելիքը շարժական ու ավելի մասսայական դարձնելու համար գրաֆիտի գրում են անգամ մետրոյի գնացքի վագոնների վրա, որոնք օրվա ընթացքում մի քանի անգամ շրջում են քաղաքով:
Փողոցային «արվեստը» արդեն զարգացման այն փուլում է, որ գրաֆիտիների ցուցահանդեսներ ու համաշխարհային ցանցեր են ստեղծվում:
Գրաֆիտի գրողները բաժանվում են երկու խմբի՝ «բոմբերներ» և «սթայլերներ»: Առաջիններն աշխատում են մեծ խմբով և կարճ ժամանակում: Կարող են հավաքվել հինգ հոգով, հինգ րոպեում նկարել, ասենք, մի քանի պատերի վրա և ցրվել, իսկ սթայլերները կարևորում են գրաֆիտիի բարձրորակությունը, ամեն ստեղծագործության վրա աշխատում են մի քանի ժամ: