Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանում մեկնարկել են երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունները, հայտնում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունների յուրահատկությունն այն է, որ տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումների կողմից բարձր լեռնային պայմաններում միաժամանակ կատարվում են մարտավարական և հատուկ առաջադրանքներ հրաձգային զենքի, մարտական մեքենաների սպառազինության կիրառմամբ և տանկերի մասնակցությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին մասնակցում են ՄիԳ-29 չորրորդ սերնդի կործանիչներ, իսկ նրանց դիտարկումը կատարվում է անօդաչու սարքերի միջոցով:
Զորավարժություններն անցնում են «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում:
Հայաստանում սեպտեմբերի 24-ին «Այագյազ» զորավարժարանում անցկացվել են հայ - ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ գումարտակի կազմով:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) ամենամյա համատեղ զորավարժությունները միտված են համատեղ գործողությունների ներդաշնակմանը և ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակի բարձրացմանը:
Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա: «Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ: