14 հոկտեմբերի 2015 - 13:13 AMT
ՌԴ ԱԳՆ-ն անթույլատրելի է համարում հետագա սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում

Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք դրսևորել փոխզիջման հասնելու համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ցավոք, քաղաքական երկխոսության վերսկսումը բարդանում է իրավիճակի սրմամբ հակամարտության գոտում, զոհերի քանակի աճով, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում: Մենք կարծում ենք, որ հետագա սրացումն ուղղակի անթույլատրելի է: Կոչ ենք անում կողմերին հրաժարվել ուժի կիրառումից, քաղաքական կամք դրսևորել, ինչն անհրաժեշտ է փոխզիջման հասնելու համար»,-ասել է նա:

Զախարովան հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորման թեման քննարկվել է 2015-ի ապրիլ-մայիսին` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Մոսկվա այցերի ժամանակ:

«Այդ թեման նաև արտերկրի պաշտոնակիցների հետ Սերգեյ Լավրովի ընթացիկ հանդիպումների առարկան է: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությամբ: Վերջերս ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանի շրջանակում ՌԴ ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, որտեղ քննարկվեցին նաև կարգավորման գործնական հարցերը համանախագահների տարածաշրջան այցից առաջ, որը կայանալու է ընթացիկ ամսում»,-հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ «և Հայաստանը, և Ադրբեջանը պարտավորվել են քայլեր ձեռնարկել ղարաբաղյան խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք հավաստիացնում ենք, որ հավատարիմ ենք բանակցությունների հիման վրա կողմերի հետ աշխատելու մեր հանձնառությանը»: Ըստ նրա, լարվածությունը տարածաշրջանում մեծ է, և ԵԱՀԿ ՄԽ-ն զգուշացնում է կողմերին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են էլ ավելի սրել իրավիճակը:

«Համանախագահները կայցելեն տարածաշրջան հոկտեմբերի ավարտին` հանդիպելու համար նախագահների հետ և նախապատրաստելու նրանց հաջորդ գագաթնաժողովին: Մենք ակնկալում ենք, որ նրանց հանդիպումը թույլ կտա առաջխաղացում գրանցել ղարաբաղյան կարգավորման գործընթացում և կնպաստի իրավիճակի կայունացմանը անվտանգության ոլորտում»,-ասել է նա: