7 նոյեմբերի 2006 - 16:48 AMT
Նոյեմբերի 10-ին Վրաստանի խորհրդարանը քննարկելու է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու հարցը
«Ժողովրդավարական ճակատ» կուսակցության կողմից մշակված, ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին որոշման նախագիծը Վրաստանի խորհրդարանը կդիտարկի նոյեմբերի 10-ին լիագումար նիստի ժամանակ: Այդպիսի որոշումն ընդունվել է խորհրդարանի բյուրոյի նիստի ժամանակ երկուշաբթի օրը: «Ժողովրդավարական ճակատի» ներկայացուցիչ Կախա Կուկավան գտնում է, որ որոշման նախագծի քննարկման ժամանակ մեծամասնության որոշումը այս անգամ եւս կտարբերվի իրենց կողմից հռչակվող սկզբունքներից: Մեծամասնության առաջնորդներից Գիգա Բոկերիան գտնում է, որ տվյալ փուլում Վրաստանի ելքը ԱՊՀ-ից երկրին ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ: Մայա Նադիրաձեն եւս այն կարծիքի է, որ այս հարցի սրմամբ Վրաստանը Ռուսաստանին բանակցությունների ժամանակ բարկանալու եւս մեկ առիթ կտա: Մայիսի 10-ին Վրաստանի նախագահի հրամանով հատուկ կառավարական հանձնաժողով է ստեղծվել` վարչապետ Զուրաբ Նոգայդելիի գլխավորությամբ, որը երկու ամիսների ընթացքում պետք է ուսումնասիրի ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու հնարավոր հետեւանքները: