19 հոկտեմբերի 2015 - 16:51 AMT
Մեդվեդև. Մոտ 40 երկիր է հետաքրքրված ԵՏՄ հետ գործակցությամբ, բոլորի հետ բանակցություններ են ընթանում

Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ համագործակցության հանդեպ հետաքրքրություն է դրսևորում ավելի քան 40 երկիր, այդ թվում առևտրի ազատ գոտիների ստեղծման մասին, հայտնել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում, հայտնել է ՌԻԱ Նովոստին:

Հոկտեմբերի 16-ին Ղազախստանում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում որոշում է կայացվել Իսրայելի հետ բանակցություններ սկսելու մասին առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ: Հոկտեմբերի 6-ին Լիմայում ԵՏՀ և Պերուի կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր կնքվեց: ԵՏՀ անունից փաստաթուղթը ստորագրել է կոլեգիայի անդամ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան:

Պերուն Լատինական Ամերիկայի երկրորդ պետությունն է, որի հետ Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվում: Դա վկայում է, որ Լատինական Ամերիկայի երկրներում աճում է հետաքրքրությունը եվրասիական ինտեգրացիոն նախագծի հանդեպ:

Հոկտեմբերի 2-ին Սանտյագոյում տեղի է ունեցել ԵՏՄ և Չիլիիի կառավարության միջև Գործակցության համատեղ հանձնաժողովի հիմնադիր նիստը: Հանդիպումների այս ձևաչափը նախատեսված է ԵՏՄ և Չիլիի Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրով, որը ստորագրվել է 2015-ի հունիսի 19-ին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովշրջանակում: Այն կոչված է գործնական մեխանիզմ դառնալու կողմերի միջև կանոնավոր շփումների և արդյունավետ երկխոսության զարգացման համար:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարեց, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը:

ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: 2015-ի օգոստոսին միությանը միացավ նաև Ղրղզստանը: