Հունաստանը շարունակելու է զորակցել Հայ դատին: Այս մասին հոկտեմբերի 19-ին Աթենքում, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ հանդիպմանը հայտարարել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:
Հանդիպմանը կաթոլիկոսին ուղեկցել են Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանն ու Ազգային վարչութեան ատենապետ Արա Մանկոյանը:
Նախագահ Պավլոպուլոսը հայտնել է, թե ինքը հարգում է հայ ժողովրդին և նրա արդար դատը՝ վստահեցնելով, որ շարունակելու է զորակցել Հայ Դատին: Նա նաև բարձր է գնահատել Հունաստանի հայ համայնքի մասին, որ իր կարևոր ներդրումն է բերում երկրի բարգավաճմանն ու զարգացմանը:
Արամ Ա. Կաթողիկոսը նախ ողջունել է Հունաստանի պետության կազմակերպած համագումարը՝ «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով: Նա հիշեցրել է, որ տարի առաջ Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է, որ Հունաստանը նման նախաձեռնությամբ հանդես գա՝ շեշտելով արևելքը արևմուտքին կամրջող Հունաստանի կարևոր տեղն ու դերը:
Արամ Ա-ն բարձր է գնահատել Հունաստանի նախագահի դիրքորոշումը, ով աջակցել է Հայ Դատին դեռևս քաղաքական կյանք մտնելուց առաջ և այսօր իբրև նախագահ շարունակում է նույն կեցվածքը:
Հայ Դատը կամ ավելի լայն առումով՝ Հայկական հարցը մի համադրույթ է, որն ունի քաղաքական, տարածքային, բարոյական, սոցիալ-տնտեսական և իրավական հայեցակետ:
Ելնելով հայ իրականության այժմյան վիճակից, երբ ներկա Հայաստանի Հանրապետության մեջ և Կովկասի հայաբնակ շրջաններում ապրում է հայ ժողովրդի գրեթե կեսը, մյուսը՝ նախկին Խորհրդ. Միության այլ մասերում ու աշխարհի շատ երկրներում, իսկ Հանրապետության տարածքը զբաղեցնում Է Սևրի պայմանագրով (1920) ճանաչված և Վ. Վիլսոնի գծած սահմաններով հայկական հողերի միայն 1/6 մասը, երբ բռնագրավված Արևմտյան Հայաստանը ամայի ու դատարկված է մնում իր բնիկ բնակչությունից (մինչդեռ սփյուռքահայերը իրենց ինքնությունը կորցնելու մշտական վտանգի տակ են), և թուրքական կառավարությունը նպատակամղված փորձում է ջնջել Արմ. Հայաստանում հայերի պատմական ներկայության ամեն մի հետք (պատմական հուշարձանների ավերում ու դրանց պատկանելության խեղաթյուրում), երբ միջազգային իրավունքը 1915-ին սկսված հայերի ցեղասպանությունը ճանաչում է որպես շարունակվող հանցանք Հայ Դատը գտնում է, որ Արևմտյան Հայաստանն ու Արևելյան Հայաստանը պետք է միավորվեն մեկ միացյալ հայկական պետության մեջ:
Այն պետք է ընդգրկի նաև ԽՍՀՄ-ի (այժմ արդեն՝ նախկին) հայկական այն տարածքները, որոնք արհեստականորեն անջատվել են այսօրվա Հայաստանից: Հայկական հարցի լուծումը պահանջում է ոչ միայն գոհացում ու հատուցում ցեղասպանության կամ հայերի կորուստների համար, այլև ազատ և դեմոկրատական պետության ստեղծում: