20 հոկտեմբերի 2015 - 14:51 AMT
Սիրիայում կռվող ԻՊ գրոհայինները կարող են վերադառնալ Վրաստան և Ադրբեջան

«Իսլամական պետության» գրոհայինների դեմ ուժային գործողությունն իր շտկումներն է մտցրել Սիրիայի տարածքում գրոհայինների ակտիվության գործում: ՌԴ ՕՏՈւ հարվածներն ու Սիրիայի կառավարական զորքերի գործողությունները արդեն ստիպել են գրոհայիններին նահանջել տարածաշրջանից: Սիրիական հակամարտությունից ելքերի ուղիները դեռ նոր են ձևավորվում, սակայն Կենտրոնական Ասիայից բացի, ուղղություններից մեկն, անկասկած, կլինի Անդրկովկասը: Վրաստանի Պանկիսիի կիրճը չեչենական պատերազմների տարիներին արդեն որպես ապաստան օգտագործվել է ծայրահեղականների կողմից, իսկ հարևան Ադրբեջանում արագ աճում է կրոնական ծայրահեղականների թիվը: Սիրիայում մարտական փորձ ձեռք բերած ծայրահեղականների նոր խմբերի հայտնվելն Անդրկովկասում կարող է ներսից խարխլել տարածաշրջանի կայունությունը և խնդիրներ ստեղծել Ռուսաստանի համար, գրում է Lenta.ru-ն:

Ըստ Վրաստանի իրավապահ մարմինների, Սիրիայում և Իրաքում մարտական գործողությունների է մասնակցում Վրաստանի մոտ 300 քաղաքացի: Ջիհադականների զգալի մասը չեչեններն են Պանկիսիի կիրճից: Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների են մասնակցում նաև Թուրքիային սահմանակից Աջարիայի, ինչպես նաև ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի բնակիչներից ոմանք:

Ադրբեջանի քաղաքացիներն ավելի շատ են ներգրավված սիրիական հակամարտությունում` տարբեր գնահատականներով 400-1000 մարդ: Անցյալ տարի ասվում էր նույնիսկ Սիրիայում առանձին «ադրբեջանական գումարտակի» ստեղծման հավանականության մասին: Ծնունդով Ադրբեջանից ամենահայտնի գրոհային Հաթաբ ալ Ազերին բացի մարտերին մասնակցելուց հայտնի է նաև իր մեղադրանքներով Ադրբեջանի իշխանությունների հասցեին` պետության աշխարհիկության պահպանման և կաշառակերության համար:

Ադրբեջանցիների անունները հաճախ են շրջանառվում ԶԼՄ-ներում: Օրինակ, հունվարին թուրքական պարբերականը պնդում էր, որ ծայրահեղականները գլխատել են ադրբեջանցի դաշտային հրամանատար Սիրաջ Ազերիին: Այսպիսով, Անդրկովկասի ծայրահեղականների զգալի մասը լքել է իր երկրկներն ու մարտական փորձ է ձեռք բերում:

Մինչդեռ, գրում է պարբերականը, չնայած ակտիվ իսլամիստների զանգվածային հոսքին Մերձավոր Արևելք, չի կարելի ասել, թե Վրաստանում և Ադրբեջանում անդորր է տիրում: Հակառակը, կրոնական ծայրահեղականության հետ կապված իրավիճակը երկու երկրներում էլ վատթարանում է: Ավելի շատ դա վերաբերվում է մահմեդական Ադրբեջանին, սակայն Վրաստանում ևս կան լարվածության լուրջ օջախներ, մասնավորապես Վրաստանի Պանկիսիի կիրճը, որտեղի չեչենները բավականին մեկուսացած են երկրից:

Առաջին և երկրորդ չեչենական պատերազմների ժամանակ Պանկիսիի կիրճը հուսալի ապաստան էր ռուսական բանակի դեմ պայքարող գրոհայինների համար: Այստեղ էր թաքնվում դաշտային հրամանատար Ռուսլան Գելաևը, 1999 թ.Մոսկվայում բնակելի տների պայթյունների մեջ կասկածվողները: Վրաստանի իշխանությունները կարողացան վերահսկողություն հաստատել այնտեղ միայն 2003 թ.:

Այսօր այդ կիրճն ԻՊ համար Անդրկովկասում կենդանի ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկն է: 2000-ականներին տեղի երիտասարդների շրջանում տարածում ստացան սալաֆիթների գաղափարները` նրանք կողմ են կրոնական կանոնների խիստ պահպանմանը, իսլամի մաքրազատմանը «նորամուծություննեից», կրոնական դոգմատների գերակայությանն օրենքի հանդեպ: Վրաստանի իրավապահները չկարողացան ազդեցություն ունենալ այս զարգացումների վրա և ինչպիսին կլինեն հետագա զարգացումները բարդ է ասել:

Իրավիճակն Ադրբեջանում ավելի պայթյունավտանգ է, քան Վրաստանում: Ի տարբերություն հարևան երկրի, որտեղ ծայրահեղականության միայն առանձին օջախներ կան, մահմեդական Ադրբեջանն ամբողջ երկրի ապակայունացման վտանգի առջև է հայտնվել:

Ավանդաբար Ադրբեջանում ավելի անհանգիստ են հյուսիսային շրջանները, որոնք հարակից են Դաղստանին և բնակեցված են ոչ միայն ադրբեջանցիներով, այլ նաև ավարներով, լեզգիներով: Հենց այստեղ է 1990-ականներից ի վեր նկատվում Թուրքիայից, արաբական երկրներից էմիսարների, ինչպես նաև ռուսաստանցի «վահաբիտների» ներհոսք: Սակայն վերջին 20 տարում սալաֆիթների խոշոր համայնքներ են առաջացել նաև Բաքվում և Ադրբեջանի երրորդ քաղաք Սումգայիթում: 2000-ականներին Բաքվում սալաֆիթների քարոզներին հազարավոր մարդիկ էին հավաքվում` մինչ վարչական միջոցների կիրառումը: Վերջին շրջանում ծայրահեղականներին են միանում նաև շիաները` Ադրբեջանի մահմեդականների 85 տոկոսը շիաներ են:

Իրավապահ մարմինները ձերբակալում են սալաֆիթներին, տարբեր պատրվակներով մզկիթներ են փակում, ինչը նպաստում է իրավիճակի սրմանը:

Մեկ այլ վտանգավոր միտումը, որը կարող է որոշ հանգամանքներում ապակայունացնել իրավիճակը ներսից, հարաբերությունների վատթարացումն է շիա բնակչության և սունիների միջև: Արտաքին գործոնները և երկու ուղղությունների ծայրահեղականների ռազմատենչ հռետորաբանությունն իրենց գործն անում են: 2013-ի դեկտեմբերին Սումգայիթում բախումներ տեղի ունեցան շիաների և սունիների միջև, երկու հոգի վիրավորվեց նռնակի պայթյունից, ևս 2-ը` դանակահարվեցին: Անցյալ տարվա նոյեմբերին անհայտները փորձեցին հրկիզել սալաֆիթնեի մզկիթը Բաքվի արվարձանում: Սիրիական հակամարտության արձագանքը գնալով ավելի լսելի է դառնում Ադրբեջանում:

ՌԴ ՊՆ օդային ուժերի հարվածները ԻՊ գրոհայինների դիրքերին և կառավարական ուժերի ակտիվացումը հանգեցրել են իսլամիստների փախոսւտի: Հոկտեմբերի 5-ին ԶԼՄ-ները հայտնեցին, որ մոտ 3 հազար գրոհային փախել է Հորդանան, մեկ շաբաթ անց Թունիսի ՊՆ ղեկավարը հայտարարեց, որ մոտ 250 գրոհային հեռացել է Սիրիայից և հաստատվել Լիբիայում:

«Հաշվի առնելով ԻՊ քրեական բնույթը, նրա կողմնակիցների համար դժվար չի լինի այլ երկրներ անցնելը, առաջին հերթին` Թուրքիա և Հորդանան»,-կարծում է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ուսումնսիրության կենտրոնի աշխաըակից Անդրեյ Արեշևը: Սակայն, նա կարծում է, որ դեռ վաղ է խոսել գրոհայինների զանգվածային փախուստի մասին: «Ես չէի թերագնահատի ԻՊ հնարավորությունները»,-ասել է նա: Եթե գրոհայինները Սիրիայից վերադառնան Վրաստան և Ադրբեջան, իրավիճակն Ադնրկովկասում կվատթարանա: Հազիվ թե ստացվի փակել նրանց ճանապարհը:

Անկասկած, կան նաև զսպող հանգամանքներ: Հավանաբար, գրոհայինների մի մասը, խուսափելով իրավապահներից (Ադրբեջանում Սիրիայի պատերազմի մասնակիցներին մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում), կգերադասեն թաքնվել ավելի «բարյացակամ երկրներում», ոմանք էլ կշարունակեն ջիհադն արդեն այլ թեժ կետերում, օրինակ, Լիբիայում կամ Աֆղանստանում: Պակաս կարևոր չէ նաև այն, որ Ադնրկովկասն այս պահին ԻՊ շահերի կենտրոնում չի գտնվում` դիտարկվելով ավելի շատ որպես մարտական գործողությունների մասնակիցների աղբյուր:

Սակայն, իրավիճակը փոխվում է: Հոկտեմբերի 13-ին համացանցում հայտնվեց ԻՊ մամուլի քարտուղար Աբու Մուհամմեդ աշ Ադնանի ձայնագրությունը` «ռուս և ամերիկացի խաչակիրների դեմ» ջիհադի սպառնալիքով: 3 օր անց նախկին ԽՍՀՄ սահմաններին հակամարտության մոտենալու մասին խոսեցին Ղազախստանում` ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մատնանշեց այս ոլորտում ԱՊՀ երկրների համագործակցության հզորացման անհրաժեշտությունը: «Տարբեր գնահատականներով, ԻՊ կողմից արդեն կռվում է 5-7 000 մարդ ՌԴ-ից և ԱՊՀ-ից: Մենք, անշուշտ, չենք կարող թույլ տալ, որ նրանք Սիրիայում ստացած փորձը կիրառեն մեր տանը»,-ասել է նախագահը: Պուտինը կոչ արեց ուշադիր հետևել իրավիճակին Համագործակցության արտաքին սահմաններին: