
Հայաստանը կողմ է Միջխորհրդարանական միությունում ռուսերենը պաշտոնական կամ աշխատանքային լեզու դարձնելու Ռուսաստանի առաջարկին: Այս մասին Հոկտեմբերի 19-ին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ժնև կատարած այցի ընթացքում՝ Միջխորհրդարանական միության 133-րդ վեհաժողովի շրջանակում ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևրում է Ռուսաստանի հետ փոխգործակցության ընդլայնումը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ խորհրդարանական ձևաչափով, քանի որ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման և ինտեգրացիոն գործընթացների ամուր իրավական հիմքերի ձևավորման գործում մեծ դերակատարություն ունի միջխորհրդարանական գործակցությունը:
«Անհրաժեշտ է ընդլայնել ու խորացնել երկու երկրների գործակցությունը միջազգային կառույցներում: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը միջազգային խորհրդարանական հարթակներում շարունակելու արդյունավետ գործակցությունը՝ ի նպաստ մեր երկրների», - ասել է նա:
Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի մասին՝ Սահակյանը Սերգեյ Նարիշկինին տեղեկացրել է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանն սկսել է ավելի ծանր զինտեխնիկա կիրառել:
«Մենք՝ քաղաքական գործիչներս, գուցե հասկանում ենք, թե ինչու Ռուսաստանն ավելի կոշտ արձագանքներ չի հնչեցնում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ, սակայն հայ հասարակությունը, որը Ռուսաստանն ընդունում է որպես եղբայրական պետություն, այլ սպասումներ ունի», - ասել է Սահակյանը:
ՌԴ Պետական դումայի ղեկավարը, խոսելով միջազգային հարթակներում փոխշահավետ գործակցության մասին, վստահություն է հայտնել, որ այն կշարունակվի և առավել կզարգանա: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Նարիշկինը նշել է, թե Ռուսաստանի մեծ ցանկությունն է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը ստանա շուտափույթ լուծում բացառապես խաղաղ ճանապարհով, և հայ-ադրբեջանական հարաբերությունները հնարավորինս բարելավվեն:
Նարիշկինը խոսել է նաև Սիրիայում ռուսական գործողությունների մասին և նշել, որ Ռուսաստանի կիրառած համապատասխան միջոցառումներն արդեն տվել են դրական արդյունքներ:
Միջխորհրդարանական միությունն ամենահին խորհրդարանական կազմակերպությունն է: Այն ստեղծվել է 1889-ին: Կազմակերպությանն անդամակցում է 152 երկրի խորհրդարան, ունի 8 ասոցիացված անդամ:
Միության նպատակներից մեկը ՄԱԿ-ի և Առեւտրի համաշխարհային կազմակերպության գործունեության մեջ ազգային խորհրդարանների և նրանց անդամների ուղղակի մասնակցության ապահովումն է: