21 հոկտեմբերի 2015 - 12:27 AMT
Խնդրագիր` Քվեբեկում ավագ դպրոցներում Ցեղասպանության թեմային պարտադիր անդրադառնալու կոչով

Կանադայի Քվեբեկ նախանգի Ազգային ժողովի պաշտոնական կայքը խնդրագիր է հրապարակել ցեղասպանության պատմության ուսուցումը Քվեբեկի ավագ դպրոցներում պարտադիր դարձնելու վերաբերյալ:

Խնդրագրի տեքստում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով, որ ռասայական և մշակութային անհանդուրժողականությունը և խտրականությունը նախապայմաններ են հանդիսանում ցեղասպանության իրականացման համար, որը սահմանվում է որպես ռասայական, էթնիկ կամ մշակութային խմբի զանգվածային ոչնչացում, հաշվի առնելով, որ կրթությունը առանցքային դեր ունի խտրականությունը և ատելության գործողությունները մեր երիտասարդության շրջանում ճանաչելու և կանխելու, և այն, որ ցեղասպանությունների մասին գիտելիքը էական դեր ունի նման գործողությունները ապագայում կանխելու համար, հաշվի առնելով, որ Քվեբեկի զգալի թվով աշակերտներ չունեն որևէ գիտելիք անցյալի ու ներկայի ցեղասպանությունների վերաբերյալ` ներառյալ Հոլոքոստը, Հայոց ցեղասպանությունը, Ռուանդայի ցեղասպանությունը և մեր Առաջին ազգերի (Կանադայի բնիկ հնդկացիներ) մշակութային ցեղասպանությունը, հաշվի առնելով, որ ցեղասպանության պատմության ուսուցումը Կանադայի ավագ դպրոցների ուսումնական պլանում ներկայումս պարտադիր չէ, և որ Ցեղասպանության պարտադիր ուսուցման հիմնադրամը կարող է նման դասընթաց տրամադրել դպրոցներում իրականացնելու համար, մենք՝ ներքոստորագրյալներս, խնդրում ենք Ազգային ժողովին և Կրթության նախարարին, որպեսզի նա Քվեբեկի բոլոր ավագ դպրոցներում ցեղասպանության պատմության ուսուցումը պարտադիր դարձնի` որպես միջոց հանդուրժող և խաղաղ հասարակություն ստեղծելու, որն ընդունում է բոլոր մշակույթները և կրոնները», գրում է ArmenianGenocide.org-ը:

2015-ի Ապրիլի 25-ին Կանադայի խորհրդարանն ընդունել է 587-րդ բանաձևը, որով ապրիլ 24-ը պաշտոնապես հռչակել է «Հայոց Ցեղասպանության Հիշատակի օր»:

Բանաձևը ներկայացնող պատգամավոր Բրադ Բաթը Կանադայի իշխող պահպանողական կուսակցության անունից խոսել է Ապրիլ 24-ը Ցեղասպանության Հիշատակի օր հռչակելու մասին, մասնավորաբար ընդգծելով. «Հայ Եկեղեցու հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Սրբադասման արարողություն Հայ Եկեղեցու կանոնների համաձայն: Հետևաբար, Հայոց Ցեղասպանության նահատակները սուրբեր են»: