21 հոկտեմբերի 2015 - 15:57 AMT
Այաթոլա Համենեին հավանություն է տվել «վեցյակի» հետ Իրանի համաձայնագրին

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին հավանություն է տվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» հետ կնքված համաձայնագրին, ինչպես նաև կարգադրել է սկսել դրա իրագործումը, հայտնել է Reuters գործակալությունը:

Երկրի նախագահ Հասան Ռոուհանիին հասցեագրված նամակում այաթոլան նշել է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է հայտարարեն Իրանի դեմ գործող պատժամիջոցները հանելու մասին, ինչպես նաև զգուշացրել է, որ համաձայնագիրը որոշ կառուցվածքային թերություններ ունի:

Հոկտեմբերի 18-ին «ընդունման օրն էր» (adoption day), երբ կողմերը պաշտոնապես ձեռնամուխ են լինում պարտավորությունների կատարմանը, ինչն ամրագրվել է կողմերի մի շարք հայտարարություններով և իրավաբանական գործողություններով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ալի Համենեին արգելել էր հետագա բանակցությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև: Այաթոլլան ամբողջական արգելք է դրել երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների վրա: Համենեին վերջին 18 ամիսներին սատարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին «վեցյակի» և Թեհրանի միջև, սակայն հրապարակավ հավանություն չէր հայտնել ձեռք բերված պայմանավորվածության վերաբերյալ:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ:

Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: