23 հոկտեմբերի 2015 - 13:05 AMT
Սպիտակ տունը քննարկում է Սիրիայում ամերիկյան զորակազմի տեղակայման հարցը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը քննարկում է Սիրիայում թռիչքներից զերծ գոտու և զորակազմի մասնակցությամբ սահմանամերձ շրջաններում անվտանգության գոտիների ստեղծման հարցը: Այդ մասին հայտնում է The New York Times-ը Սպիտակ տանն իր աղբյուրների վրա հղումով:

Ըստ պարբերականի, թռիչքներից զերծ գոտու ստեղծումը հոկտեմբերի 18-ին Սպիտակ տանը տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անհրաժեշտ են համարել պետքքարտուղար Ջոն Քերին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Միևնույն ժամանակ Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը նման գաղափարին հոռետեսորեն է մոտեցել լուրջ ուժերի ներգրավման անհրաժեշտության և ռուս զինվորականների հետ պատահական բախումների ռիսկի ավելացման պատճառով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ըստ The New York Times-ի, ներկա չի եղել խորհրդակցությանը: Պարբերականը նշում է նաև, որ նա հետևողականորեն դեմ է թռիչքներից զերծ գոտու ստեղծմանը:

Սպիտակ տանը քննարկված տարբերակներից է նաև Սիրիայի սահմանամերձ շրջաններում` Թուրքիայի և Հորդանանի հետ սահմանին քաղաքացիական բնակչության համար անվտանգ գոտիների ստեղծումը: Վաշինգտոնում հնարավոր են համարում այդ գոտիների օգտագործումը ոչ միայն խաղաղ բնակիչներին օգնելու համար, այլ նաև սիրիական չափավոր ընդդիմությանը, հայտնում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի 5-ին Financial Times թերթը հայտնեց, որ ռուսների գործողությունները Սիրիայում խափանեցին այդ երկրի օդային տարածքում թռիչքներից զերծ գոտու ստեղծման պլանները: Պարբերականը ենթադրել էր, որ նման ծրագրերի առկայությունը միայն խթանեց Մոսկվայի մասնակցությունը սիրիական հակամարտությանը:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Մինչդեռ Քաթարի ԱԳ նախարար Հալիդ ալ Աթթիյան չի բացառել Սիրիա ռազմական ներխուժման հնարավորությունը: «Մենք մեր սաուդացի եղբայրների և Թուրքիայի հետ չենք բացառում սիրիական ժողովրդին պաշտպանելու ցանկացած տարբերակ»,-հայտարարել է նախարարը CNN Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Եթե ռազմական տարբերակ է հարկավոր սիրիացիներին ռեժիմի դաժանությունից պաշտպանելու համար, ուրեմն` այո»,-ասել է նա` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Քաթարը նաև ռազմական տարբերակն է դիտարկում:

Նախարարը նշել է, որ այդ տարբերակն իրագործելու «շատ եղանակներ կան», սակայն չի հստակեցրել, թե հատկապես որոնք են դրանք: Նա հավելել է նաև, որ Քաթարը կշարունակի աջակցել «Ահրար աշ Շամ» խմբավորմանը, քանի որ համարում է այն ոչ թե ծայրահեղական, այլ «չափավոր» ընդդիմությանը հարող: