14 նոյեմբերի 2006 - 17:43 AMT
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագիրը Հայաստանին որակապես նոր մակարդակի վրա կդնի
Երեկ Բրյուսելում ասուլիս տվեցին Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտգործնախարարները: Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդների գլխավորությամբ անցկացված ասուլիսում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները շատ լավ էին տրամադրված միմյանց նկատմամբ, համենայն դեպս, նրանց մեկնաբանությունները խիստ տարբերվում էին նախորդ նման հանդիպումներում հրապարակված հայտարարություններից: Իրենց նախնական մեկնաբանություններում երկու նախարարներն էլ բարձր գնահատեցին Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Պատասխանելով հարցին, թե բարեկամական թվացող մեկնաբանությունները արդյոք ինչ-որ բան նշանակո՞ւմ են երեքշաբթի օրը սկսվող ղարաբաղյան բանակցությունների համար, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը պատասխանեց. - «Չգիտենք վաղը ինչ կկատարվի: Սեղանի վրա կա տրամաբանական առաջարկություն, կան հետաքրքրական մտքեր, պետք է նորմալ նստել, բանակցել եւ կամք ցուցաբերել: Այնպես որ, դա էր արտահայտում այսօր մեր հայտարարությունը»: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի կարծիքով, «հարցը պետք է դիտել այն համատեքստում, որ ժամանակն արդեն հրում է մեզ առաջ, եւ ըմբռնումն էլ է աճել, որ պետք է շարժվել մեռյալ կետից` այնտեղից, որտեղ կանգ ենք առել այս հակամարտության հարցում»: «Եվ տվյալ դեպքում, ես կարծում եմ, որ լավ հնարավորություն կա», - ամփոփեց Ադրբեջանի արտգործնախարարը:

Եվրամիության հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի առնչությամբ Վարդան Օսկանյանը ասաց. - «Նոր որակ է հաղորդվում մեր հարաբերություններին, բավական ծավալուն փաստաթուղթ է, մեծ հնարավորություններ են դրվում այս փաստաթղթով, ինտեգրացիոն գործընթացներ են սկսվում, այնպես որ, պետք է կենտրոնանալ եւ լավագույնս իրականացնել»: «Մենք ուզում ենք, որ ոչ միայն ստորագրած լինենք, այլեւ ամբողջությամբ կիրառենք, որովհետեւ դա, իսկապես, 5 տարի հետո Հայաստանին որակապես նոր մակարդակի վրա կդնի` եւ քաղաքականապես, եւ տնտեսապես», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: