Տավուշի Նոյեմբերյան քաղաքում վնասազերծվել է արկ, որը սեպտեմբերի 24-ին ադրբեջանական հրետակոծության ժամանակ ընկել է քաղաքի տարածքում:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արամայիս Ամիրաղյանը հոկտեմբերի 27-ին Նոյեմբերյան քաղաքի և Դովեղ գյուղի միջև գտնվող Նոյեմբերյանի «Քրդատափ» տեղամասում հայտնաբերել է ադրբեջանական 76 մմ տրամագծով չպայթած արկ:
Ամիրաղյանն այն շրջապատել է քարերով, որպեսզի բնակիչները հեռու մնան վտանգից և տեղեկացրել Նոյեմբերյանի սահմանապահ զորամասի հրամանատարությանը:
Զորամասի սակրավորները հոկտեմբերի 28-ին վնասազերծել են չպայթած արկը:
Սեպտեմբերի 24-ի հրետակծության ժամանակ Նոյեմբերյանի անտառապատ տարածքում պայթել էին 2 արկ՝ վնասներ չհասցնելով:
Սեպտեմբերի 24-ի երեկոյան Տավուշի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվեցին Բերդավանի խաղաղ բնակիչներ 94-ամյա Շուշան Ասատրյանից և 41-ամյա Սոնյա Ռևազյանը, Պառավաքարի բնակիչ, 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս երկուսը վիրավորվել են:
Ադրբեջանական մարտական հենակետերից իրականացված նպատակային գնդակոծության հետևանքով վնասվել են Տավուշի մարզի Բերդավան համայնքին պատկանող «Գեղագիտական կենտրոնի» և երաժշտական դպրոցի շենքերը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս: Զգալի վնասներ են կրել Բերդավանի, Այգեհովիտի և Պառավաքարի բնակիչները. գնդակոծության հետևանքով վնասվել են գյուղացիների տները, գույքը, պտղատու այգիները։ Նշանակվել են ապրանքագիտական փորձաքննություններ՝ պատճառված գույքային վնասների չափերը պարզելու համար։