29 հոկտեմբերի 2015 - 10:26 AMT
ԼՂՀ ՊՆ. Հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է մոտ 1200 կրակոց

Հոկտեմբերի 28-ին և լույս 29-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտվել է մոտ 70 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ իրադրությանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Հոկտեմբերի 27-ին և լույս 28-ի գիշերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1100 կրակոց:

Հանգստյան օրերին` հոկտեմբերի 24-ին և 25-ին, հրադադարը շփման գծում խախտվել է մոտ 120 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 (11 արկ) և 82 (5 արկ) միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 (2 արկ) տիպի նռնականետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:

Հոկտեմբերի 27-ին ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրականացված դիտարկման ամբողջ ընթացքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հավատարիմ են մնացել ձեռք բերված պայմանավորվածություններին և խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: