16 նոյեմբերի 2006 - 16:41 AMT
Թուրքիան ՆԱՏՕ-ում սեփական քաղաքականությունը չի վարում
Հայաստանին չպետք է անհանգստացնի Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) համակարգումը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, Հայաստանին ընդհանրապես չպետք է անհանգստացնի` որ երկիրն է համակարգում իր գործողությունները: «Հայաստանի համար IPAP Ծրագրում կարեւորն այն է, որ Թուրքիան ներկայացնում է ՆԱՏՕ-ն եւ ոչ թե ինքն իրեն: Մենք կամ մասնակցում ենք «նատոյան «խաղին», կամ ոչ, եւ չենք կարող մեր պայմանները թելադրել օտար խաղում: Թուրքիան ՆԱՏՕ-ում սեփական քաղաքականությունը չի վարում, եւ այն ամենը, որ նա այնտեղ անում է, թելադրված է Դաշինքի շահերով»,- ընդգծել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հարաբերություններին ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարը նկատել է, որ Հայաստանը երկու դեպքում էլ պետք է վստահելի գործընկեր լինի: «Այդ պայմանների կատարման դեպքում երկիրն այդ կազմակերպություններից ոչ մեկի հետ խնդիրներ չի ունենա», ասել է Մանոյանը, ավելացնելով, որ այդ ամենը համապատասխանում է հայկական պետության կոմպլիմենտար արտաքին քաղաքականությանը: