17 նոյեմբերի 2006 - 13:32 AMT
Ձգտելով ԵՄ Թուրքիան պետք է առավել դրական քաղաքականություն վարի տարածաշրջանում
«Հայաստանի ապագայի մեր տեսլականը բարեկամական կայուն միջավայրում բարգավաճ երկիրն է»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելույթ ունենալով Բեռլինում` Բերտելսման հիմնադրամում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Իր ելույթում Ռոբերտ Քոչարյանը մասնավորապես նշել է. «Հայաստանը տարածաշրջանում չորս անմիջական հարեւան ունի: Ցավոք սրտի, նրանցից երկուսի հետ մենք հարաբերություններ չունենք: Դարեր շարունակ մենք բարիդրացիական հարաբերություններ ենք պահպանում Վրաստանի հետ, եւ հուսով ենք, որ Ռուսաստանի ու Վրաստանի միջեւ վերջերս ծայր առած լարվածությունը շուտով կկարգավորվի: Մենք արդյունավետ եւ կայուն ենք գնահատում համագործակցությունը հարեւան Իրանի հետ, որի հետ փոխգործակցում ենք շատ ոլորտներում եւ սկսել ենք նշանակալի ենթակառուցվածքային ծրագրեր:

Ի հակադրություն այս ամենի, մեր մյուս կարեւոր հարեւանը` Թուրքիան, Հայաստանի սահմանը փակ է պահում: Մենք անգամ դիվանագիտական հարաբերություններ չունենք այդ երկրի հետ: Կարծում ենք, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ եւ ունենալով Եվրամիությանն անդամակցելու ձգտում, Թուրքիան պետք է տարածաշրջանում ավելի դրական քաղաքականություն վարեր: Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եւ այդ առաջարկը դեռեւս ուժի մեջ է: Կարծում ենք, որ հարեւան երկրները իրենց հարաբերությունները պետք է կառուցեն առանց նախապայմանների, եւ ավելին` առանց դրանք պայմանավորելու երրորդ երկրի պահանջներով»: