17 նոյեմբերի 2006 - 16:45 AMT
Milliyet. Թուրքիան գիտի` ինչ է կատարվել 1915 թվականին
Թուրքական Milliyet թերթն սկսել է տպագրել մի հոդվածաշար, որի նպատակն է իմանալ Հայոց ցեղասպանության վերաբերյալ սփյուռքահայության կարծիքը: Հոդվածագիր Էջե Թեմելքուրան իր շարքն սկսել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեճյանի հետ վարած ծավալուն հարցազրույցով: Թեմելքուրանը գրում է. «Բոլորին է հայտնի, որ 1915 թվականի ամռանը այս հողերի վրա ապրողները մութ օրեր են տեսել: Իննսուն տարի շարունակ խոսվում է այն մասին, թե ով է մեղավոր կամ ով է ավելի ուժեղ: Նրա կարծիքով, միայն Թուրքիան չի խոսում այդ մասին: «Մենք պարզապես զավակներն ենք մի քանի հոգու, որոնք շատ կամ քիչ բան են պատմում: Միայն վստահ գիտենք, որ այդ ամառ կատարվել են տհաճ բաներ, եւ չենք կարողանում այդ կատարվածին անվանում տալ: Տխրություն էր տիրում Արեւելքում. տարեցները ցույց են տալիս քարաշեն շենքեր ու ասում, որ այդ շենքերը կառուցվել են հայ քարտաշների կողմից, նրանցից հետո երբեք այսպիսի շենք չի կառուցվել: Ընդհանուր առմամբ գիտենք, թե ինչ է կատարվել: Ինչ որ չգիտենք, հետեւյալն է. մենք չենք խոսում, խոսում են հոգիները: Այս պատճառով էլ որոշեցինք խոսել հայկական Սփյուռքի հետ»,- գրում է հեղինակը: Նրա խոսքերով, երբ ինքը որոշել է խոսել Պատրիկ Դեւեճյանի հետ, շատերը զգուշացրել են իրեն, որ նա շատ խիստ է, եւ հենց Դեւեճյանն է կազմել ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրենքը: Սակայն հակառակ սպասածին, հանդիպումն անցել է շատ քաղաքավարի եւ հուզիչ մթնոլորտում: «Ավելին` հոդվածագիրն ու նրա ուղեկիցը շատ զարմացել են` տեսնելով, որ Դեւեճյանը ցեղասպանության մասին խոսելիս արտասվում է: Նա նշել է, որ ինքը նույնպես այսպիսի օրենքի կողմնակից չէր, բայց երբ թուրքերը («Գորշ գայլերըե») Լիոնում հարձակվեցին հայկական հուշարձանների վրա, հասկացավ, որ այսպիսի օրենքն անհրաժեշտ է, քանի որ դրանից կախված է ֆրանսիացի հայերի անվտանգությունը»:

Ֆրանսիական խորհրդարանի պատգամավորի կարծիքով, Թուրքիան միայն ծանր ճնշումների տակ կարող է փոխվել: Նա նշել է, որ հայերը 90 տարի շարունակ սպասում են: «Սա հայերի համար մեծ վերք է: Սա ցավ է, որ չի կարելի ապրել ամեն օր»,- ասել է Դեւեճյանը Milliyet-ին տված հարցազրյուցում, հայտնում է «Երկիրը»: