17 նոյեմբերի 2006 - 18:43 AMT
Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարաններին դիմելու Թուրքիայի գաղափարը նոր չէ
Հայոց ցեղասպանության հարցով միջազգային դատարաններին, մասնավորապես Հաագայի դատարանին դիմելու Թուրքիայի գաղափարը նոր չէ, եւ դրա հեղինակը պաշտոնաթող թուրք դիվանագետ Գյունդուզ Աքտանն է, որը երկար ժամանակ աշխատել է Թուրքիայի դեսպանի պաշտոնում տարբեր եվրոպական կառույցներում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտարարել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, այն ժամանակ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականության երկու տարբերակ է եղել: «Նրանք պատրաստվում էին կամ շարունակել մերժման քաղաքականությունը, կամ էլ դիմել միջազգային դատարան, հիմնավորելով դա նրանով, որ հայերին միեւնույն է չի հաջողվի ապացուցել, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն են եղել: Որոշումն ընդունվել էր ամենաբարձր մակարդակով` Թուրքիայի գենշտաբի կողմից: Որոշվել է շարունակել հերքման քաղաքականությունը»,- նշել է նա: Միեւնույն ժամանակ, Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Աքտանը հանդիսանում է ամենախիստ թուրք քաղաքական գործիչներից մեկը եւ Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամ եղած ժամանակ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ էր հանդես գալիս: