Եգիպտոսում ՀՀ դեսպանության նախնական տվյալներով՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի զոհված անձնակազմի անդամներից հինգը ՀՀ քաղաքացիներ են։
Զոհերի ինքնության վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Ավելի վաղ «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնել էր, որ ոուսական բոլոր ավիաընկերությունները հայտարարել են, թե Հարավային Սուդանում կործանված ռուսական ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռն իրենց չի պատկանել և չի բացառվում, որ այն կարող է պատկանել որևէ հայկական ավիաընկերության:
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը, մեկնաբանելով տարածված լուրը, հայտարարել է, որ բեռնատար ինքնաթիռը Հայաստանում գրանցված չի եղել, ոչ էլ շահագործվում է որևէ հայկական ավիաընկերության կողմից, գրում է Tert.am-ը:
Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորության վրա: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա, հայտնում է CA-News-ը: