20 նոյեմբերի 2006 - 13:07 AMT
Թուրքիան կարող է կորցնել իր վերջին ընկերներին Եվրոպայում
Suddeutsche Zeitung թերթը մեկնաբանում է Թուրքիայի ցամաքային զորեքրի հրամանատար, գեներալ Իլքեր Բաշբուգի հայտարարությունը` Ֆրանսիայի հետ սառեցված ռազմական հարաբերությունների մասին: «Թուրք գեներալի հայտարարությունը սկանդալային է արդեն այնքանով, որ ցամաքային զորքերի հրամանատարը իրեն պահում է այնպես, կարծես նա իրավասու է ներկայացնել իր երկրի շահերը դիվանագիտական մակարդակով: Միջադեպին սրություն է հաղորդում նաեւ այն, որ Թուրքիայի կառավարությունը պաշտոնապես հետաքրքրվածություն է ցուցաբերում եվրոպական կառույցներին ինտեգրման հարցում: Դեպի Եվրոպա կողմնորոշումը ենթադրում է, սակայն, որ թուրք քաղաքական գործիչները պետք է վերահսկեն բանակը եւ թույլ չտան իրենց գեներալներին կատարել ինչ մտքներով կանցնի: Գեներալ Բաշբուգը համոզված «սակռի» համբավ ունի: Թուրք գեներալների շրջանում կտրուկ գծի կողմնակիցները չհավանեցին այն, որ վարչապետ Ռեջեպ Թաիփ Էրդողանը, երեւի հաշվի առնելով Թուրքիայի ձգտումը ԵՄ անդմակցության, մինչեւ հիմա որոշակիորեն չի քննադատել նոր ֆրանսիական օրենքը: Պաշտոնական Անկարան չի հերքում հայ ժողովրդի դեմ կատարած հանցագործությունները, սակայն կտրականապես հրաժարվում է մերվել «ցեղասպանություն» տերմինի օգտագործման հետ»,- գրում է թերթը:
Դրա կարծիքով, մի կողմից Թուրքիայի իշխանությունները վախենում են, որ զոհերի սերունդները փոխհատուցում կպահանջեն, մյուս կողմից խոսքը գնում է թուրքական բանակի վարկի մասին, որն իրեն համարում է հասարակության ավանդական սյուներից մեկը: «Թուրք զինվորականները ցանկանում են պահպանել իրենց արտոնությունները, Բոսֆորի ափի իրենց պերճաշուք առանձնատները, պաշտպանության բյուջեն, որը ոչ ոք նորմալ չի վերահսկում, ինչպես նաեւ Կիպրոսի զորքերը, որտեղ նրանք եւս արժեքավոր անշարժ գույք ունեն, որոնք թուրքական ռազմակայանների վերացման դեպքում, ստիպված կլինեն վերադարձնել Կիպրոսի հույներին: Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացումը, հայկական հարցը, պատերազմը թուրքական Քրդստանում. Թուրքիայի եվրոպական ինտեգրման գործընթացում բազմաթիվ շտապ հարցեր են ծագում, որոնց շուրջ թուրք գեներալները պետք է որ աշխատեին, սակայն նրանք հրաժարվում են դա անել: Եթե Թուրքիան իրոք նախընտրում է ինքնակամ մեկուսացումը, նա կկորցնի ոչ միայն տնտեսական գործընկերներին, այլեւ իր վերջին ընկերներին Եվրոպայում»,- հայտնում է Deutsche Welle-ն: