
Ժամանակն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն իր մոտեցումների մեջ փոփոխություններ մտցնի: Այս մասին ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի հերթական դիտարկումից հետո արված հայտարարությանը, երբ կրկին հավասարության նշան է դրվել հակամարտող կողմերի միջև:
«Մենք վաղուց գտնում ենք, որ առկա փաստերի պայմաններում նման մոտեցումները որոշակի փոփոխություններ պետք է կրեն, բայց միևնույն ժամանակ զուտ դիվանագիտական լեզվով արվող հայտարարությունները նրա համար են, որպեսզի ապահովեն կողմերի միջև հավասարություն, և բանակցությունները շարունակելու հնարավորություն լինի», - նկատել է Զաքարյանը, գրում է Tert.am-ը:
Ըստ պատգամավորի՝ այնպես չէ, որ ԵԱՀԿ միջնորդների կոչերն անհասցե են:
«Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական գործողությունները, և սա ԵԱՀԿ միջնորդներին լրացուցիչ մտահոգությունների առիթ է տալիս, դրա մասին նույնիսկ համանախագահները հայտարարում են: Ադրբեջանը շարունակում է ռազմատենչ հայտարարությունները՝ իր հասարակությանը պատրաստելով ո՛չ թե պատերազմի, ո՛չ խաղաղություն իրավիճակին, այլ՝ պատերազմի, սակայն նրանց հայտարարության մեջ ասված է, որ հասարակությանը պետք է պատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի»,-ասել է Զաքարյանը՝ նկատելով, որ սա կարելի է համանախագահների կողմից դիտարկել որպես թափանցիկ ակնարկ Ադրբեջանին, քանի որ ՀՀ-ին երբեք նման կոչեր չի արվում, այլ արվում է կոնկրետ Ադրբեջանին:
Հարցին, թե ինչպե՞ս է, որ Մինսկի խմբի համանախագահներն իբր չեն տարբերել՝ դիտարկման ժամանակ հայկակա՞ն կողմից են կրակոցներ եղել իրենց ուղղությամբ, թե ադրբեջանական, Զաքարյանը նշել է, թե ինքը 2 տարի ծառայել է առաջնագծում և հավատացնում է, որ շատ հեշտ է կրակահերթի տեղը որոշելը:
«Դա լկտիության էլեմենտ է, և ես չեմ կարծում, որ դրանք պատահական կրակոցներ են եղել: Ադրբեջանը խնդրի լրջության նկատմամբ միանշանակ ընկալում չունի և իր համար միակ զսպող գործոնը հայկական զինուժի համարժեք պատասխանն է: Կարծում եմ, որ Մինսկի խումբը և նմանատիպ առաքելություններ իրականացնելով պետք է կարողանա էլ ավելի պնդել և Ադրբեջանից պահանջել հետաքննությունների մեխանիզմ», - ասել է պատգամավորը:
Նրա խոսքով՝ խաղաղ կարգավորման գործընթացը շարունակելու և հաջողություն ակնկալելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում դադարեցվեն հրադադարի խախտման բոլոր դեպքերը և Ադրբեջանը թույլ տա, որպեսզի համանախագահների առաջարկի հիման վրա մշակվեն մեխանիզմներ խախտման յուրաքանչյուր դեպքի ուսումնասիրման և դրանք բացառելու համար:
Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել դեկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:
Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:
«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», - գրել է նաTwitter-ի իր միկրոբլոգում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատումից հետո անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել:
«Այս միջադեպով անթաքույց ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև հաստատում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար», - ասվում է հաղորդագրությունում: