ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կխորհրդակցեն Գերմանիայի հետ: Այս մասին նոյեմբերի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Գերմանիան 2016-ին նախագահելու է ԵԱՀԿ-ում:
«Այսօր մենք կխորհրդակցենք Գերմանիայի հետ, որը ԵԱՀԿ հաջորդ նախագահող երկիրն է: Եկեք միասին աշխատենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- գրել է Ուորլիքը:
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Պիեր Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Սարգսյանը կոչ է արել հետևողական լինել Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների հետաքննության և դատապարտման գործում, որը Հանրապետության նախագահի համոզմամբ, չափազանց կարևոր է հրադադարի ռեժիմի պահպանման, դրա խախտումների բացառման տեսանկյունից:
Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցից հետո Միջնորդները Ադրբեջան են մեկնել հոկտեմբերի 27-ին՝ Ստեփանակերտից։ ԼՂՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից: Ըստ ԼՂՀ ՊՆ-ի հայտարարության՝ հրադադարը խախտվել է ադրբեջանական կողմից:
Հրադադարի խախտման դեպքից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նույն օրը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ անցկացված դիտարկման ժամանակ հայկական կողմն է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Ավելի ուշ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի այս հայտարարությունը հակառակորդի կողմից կիրառվող հերթական քարոզչական հնարքն է և իրականությանը չի համատասխանում:
«Շփման գիծն անցնելիս շարունակվող կրակոցները ԵԱՀԿ դիտորդներին ստիպեցին պատսպարվել. սա անընդունելի է» ,- գրել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ուորլիքի գրառմանը արձագանքել է ԼՂՀ վարչապետի մամուլիս խոսնակ Արտակ Բեգլարյանը: «Ադրբեջանական կողմն է կրակել միջնորդների ուղղությամբ, և սա առաջին դեպքը չէ: Հուսով եմ՝ միջնորդները չեն խուսափի ճշմարտությունը ասելուց», - գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (ՌԴ), Պիեր Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հատումից հետո անհայտ ուղղությունից շարունակական կրակոցները ստիպեցին ԵԱՀԿ դիտորդներին ապաստան փնտրել:
«Այս միջադեպով անթաքույց ջանք է գործադրվում խաղաղ կարգավորման հարցում առաջընթացը խաթարելու համար: Սա նաև հաստատում է, որ ԵԱՀԿ պետք է հնարավորություն ունենա հրադադարի խախտումների հետաքննության համար», - ասվում է հաղորդագրությունում: