Քրդական ռազմականացված կազմավորումները «Իսլամական պետության» դեմ խոշոր գործողության արդյունքում մտել են Սինջար քաղաք և դիրքավորվել են քաղաքի արևելյան և արևմտյան հատվածներում, հայտնում է Reuters գործակալության թղթակիցը իրադարձությունների վայրից:
Սինջարը եզդիների կոմպակտ բնակության վայր է համարվում: Քաղաքով են անցնում ԻՊ գրոհայինների մատակարարման կարևոր ուղիները: Սինջարը ԻՊ համար առանցքային ռազմավարական կետերից մեկն է, ինչպես Ռաքքան Սիրիայի հյուսիսում և Մոսուլն Իրաքի հյուսիսում:
Նոյեմբերի 13-ի առավոտյան քուրդ աշխարհազորայինների հարյուրավոր մարտիկներ մտել են քաղաք, իսկ հետո դիրքեր են գրավել ԻՊ գրոհայինների մատակարարման ուղիների երկայնքով` սիրիական Ռաքքայի և իրաքյան Մոսուլի միջև: Քաղաքի տարածքում կրակոցներ են լսվում: Ինչպես հայտնել է գործակալությունը Քրդական ինքնավար շրջանի Անվտանգության խորհրդի վրա հղումով, «փեշմերգա» ջոկատները մտել են Սինջար «ամեն կողմից»` սկսելու համար ազատագրել քաղաքը ԻՊ գրոհայիններից:
Ինչպես ասվում է Քրդական ինքնավար շրջանի Անվտանգության խորհրդի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ, նրանց հաջողվել է ազատել ցեմենտի գործարանը, հիվանդանոցը և մի քանի հանրային շինություն: ԻՊ գրոհայինները պարտվել են և նահանջում են»,-ասվում է հաղորդագրության մեջ:
2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:
ԻՊ գրոհայինները եզդիներին «անհավատ» են համարում: Այդ ընթացքում զոհվեց ավելի քան 20 հազար եզդի: 400.000-ից ավելին դարձան փախստական, 5000-ից ավելի կանայք և աղջիկներ գերության մեջ են, 3600 եզդի համարվում է անհետ կորած, 10-ից ավելի եզդիական սրբավայր ոչնչացվել է։ 2014-ի օգոստոսին եզիդների Սինջար քաղաքի վրա հարձակման ժամանակ բնակիչների 75%-ը հեռացել է լեռներն ու պաշտպանվել այնտեղ մի քանի շաբաթ, դա մեծ հումանիտար աղետ է դարձել: