17 նոյեմբերի 2015 - 16:16 AMT
ԶԼՄ-ներ. Ռուսաստանը հրթիռակոծել է սիրիական Ռաքքան Միջերկրական ծովից

Ռուսաստանը Միջերկրական ծովի տարածքից հրթիռակոծել է թևավոր հրթիռներով սիրիական Ռաքքան, որը համարվում է ահաբեկչական «Իսլամական պետության» հենակետը: Այդ մասին հայտնել է ֆրանսիական le Monde-ը Ֆրանսիայի պաշտպանության նախարարության վրա հղումով:

Ըստ պարբերականի, հրթիռների գործարկումն իրականացվել է նոյեմբերի 17-ի առավոտյան:

Ավելի վաղ Ռուսաստանը միայն մեկ անգամ է հրթիռակոծել Սիրիայի տարածքը, բայց այն ժամանակ դա կատարվել է Կասպից ծովից, հայտնում է ՌԲԿ_ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սինայի թերակղզու վրայով թռչելիս ռուսական A321 օդանավում պայթուցիկ սարք է պայթել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԴԱԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: «Ըստ մեր մասնագետների գնահատականների, օդանավում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործադրվել, որի հզորությունը մոտ 1 կգ է եղել տրոտիլի համարժեքով, որի արդյունքում ինքանթիռը «փլուզվել է » օդում: Դրանով է բացատրվում ինքնաթիռի բեկորների «փռվածությունը» մեծ տարածքում: Միանշանակ կարելի է ասել, որ դա ահաբեկչական գործողություն էր»,-ասել է նա:

Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը կփնտրի և կպատժի հանցագործներին: «Մենք պետք է անենք դա առանց վաղեմության ժամկետի, պետք է իմանանք նրանց անուն առ անուն: Մենք փնտրելու ենք նրանց ամենուր, որտեղ էլ որ թաքնվեն: Մենք կգտնենք նրանց մոլորակի ցանկացած կետում և կպատժենք»,-ասել է նա:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:,/i>