24 նոյեմբերի 2006 - 13:38 AMT
Ռ.Քոչարյան. ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումը կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա
Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումն ենթադրում է հարաբերությունների նորմալացում սահմանակից երկրների, այդ թվում Հայաստանի հետ: Այդ մասին նախօրեին հայտարարել է պետական այցով Կիպրոսում գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Կիպրոսի Հանրապետության նախագահ Տասոս Պապադոպուլոսի հետ բանակցություններից հետո: «Մենք շահագրգռված ենք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, եւ ակնկալում ենք, որ այդ գործընթացը նորմալ կընթանա»,-հայտարարել է Քոչարյանը: ԵՄ-ին անդամակցելու Թուրքիայի ձգտումը կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա»: Հայաստանի նախագահը նշել է, որ Երեւանը սատարում է Կիպրոսի Հանրապետության շահերին բոլոր միջազգային կազմակերպություններում կիպրոսյան կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի քննարկման ժամանակ: «Հայաստանը հանդես է գալիս կիպրոսյան խնդրի շուտափույթ լուծման օգտին Կիպրոսի ժողովրդի եւ ղեկավարության ցանկության համաձայն»,-ընդգծել է նա:

Տասոս Պապադոպուլոսն, իր հերթին, ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ, ներառյալ համագործակցությունը կրթական, բանկային, մշակութային եւ զբոսաշրջության ոլորտներում: Նա հավելել է, որ ընդունել է Հայաստանի նախագահի հրավերն այցելել այդ երկիր 2007 թվականին: Պետական այցի շրջանակներում Հայաստանի եւ Կիպրոսի Հանրապետության արդարադատության նախարարներն այսօր միջկառավարական համաձայնագիր են ստորագրել կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ընդլայնված համագործակցության մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: