21 նոյեմբերի 2015 - 11:56 AMT
Բրյուսելի մետրոն փակվել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով

Բելգիայի իշխանությունները նոյեմբերի 21-ին փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի մակարդակի բարձրացման պատճառով, հայտնում է Reuters գործակալությունը:

Ավելի վաղ Բրյուսելում հայտարարվեց ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Հայտնի դարձավ, որ Բելգիայի իրավապահ մարմինները գործողություն են իրականացնում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննության շրջանակում:

Ըստ գործակալության, իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: Ինչի հետ են կապված նման միջոցները, իշխանությունները չեն հայտնել:

«Խորհուրդ բնակչությանը` խուսափեք մարդաշատ վայրերից, օրինակ, առևտրի կենտրոններից, համերգներից, այլ միջոցառումներից»,-ասվում է ճգնաժամային կառավարման կենտրոնի ներկայացուցչի հայտարարության մեջ: Կենտրոնի կայքում խորհուրդ է տրվել մինչև կիրակի փակել մետրոպոլիտենը: Բացի այդ, տրանսպորտի վարչության ներկայացուցիչները հայտնել են, որ մետրոյի 4 հիմնական գծերի կայարանները փակվել են «ոստիկանության կարգադրությամբ», , հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: