24 նոյեմբերի 2015 - 13:11 AMT
Միջոցառումներ Լիտվայի Կաունասում՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին

Նոյեմբերի ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքի Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցը Կաունասի քաղաքապետարանի հովանավորությամբ և Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ` այդ թվում «Փոքր երկիր` մեծ ազգ» և «Հայոց ցեղասպանությունը համաշխարհային մամուլի առաջին էջերին» ցուցահանդեսները:

Նոյեմբերի 1-ին` Կաթոլիկ աշխարհում նշվող Բոլոր Սրբերի օրը, գեղարվեստական դպրոցում տեղի է ունեցել մոմավառության արարողություն Կաունասի արքեպիսկոպոս Սիգիտաս Տամկյավիչուսի մասնակցությամբ` ի հիշատակ Ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակի:

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել եզրափակիչ միջոցառումը` «Փոքր երկիր` մեծ ազգ» խորագրով ցուցահանդես-մրցույթի մասնակիցների պարգևատրումը: Ողջույնի խոսքով հանդես է եկել Լիտվայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը և Մարտինայտիսի անվան գեղարվեստական դպրոցի տնօրեն ժիգիմանտաս Շարակաուսկասը:

Երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել լիտվական ազգագրական «Ռատիլելիս» անսամբլը և Կաունասի հայ համայնքի «Հայրենիք» համույթը: Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ուսանողները ընթերցել են հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգության» պոեմից:

Միջոցառմանը ներկա էին կրոնական կառույցների, քաղաքապետարանի, լիտվահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, դպրոցի սաներ:

Լիտվան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2005-ին: