25 նոյեմբերի 2015 - 10:19 AMT
CNN. Հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է

CNN ամերիկյան հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին:

Երևանի «Վերնիսաժում» և Հայաստանում մասնավոր գորգարտադրողների մոտ նկարահանված ռեպորտաժում նշվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը Հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր, հայտնում է Tert.am-ը:

Չնայած ոչ ձեռքի աշխատանք գորգերն ավելի արագ և ավելի էժան կլինեին, այդ և այլ խնդիրներին՝ աղբյուրի գնահատմամբ հայկական գորգագործությունը բազմամիլիոնանոց բիզնես է: Նշվում է, որ ձեռքի արտադրանք հայկական գորգի 1 քմ-ի գինը կարող է հասնել մինչև $600:

Տեսանյութում ներկայացված են հայկական գորգերի տարբեր նմուշներ` իրենց ամբողջ բազմազանությամբ:

Հայաստանում գորգագործությունը՝ իբրև արհեստ զարգացած է եղել դեռս վաղնջական ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի 1 քարայրում գտնված գործվածքները, մ. թ. ա. 5-րդ դարի թվագրվող պազիրիկ գորգը, ինչպես նաև հայկական գորգարվեստի մասին մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։

Պատմական Հայաստանի աշխարհաքաղաքական վայրիվերումների պատճառով կամ եկեղեցական հավաքածուները պարբերաբար թալանվել են, կամ էլ հարկ է եղել դրանց մի մասի նվիրաբերել՝ փրկելու եկեղեցիները թալանից ու ավերումներից: Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են՝ եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Դրանց որոշ մասը վաճառվել է շուկաներում՝ ի վերջո հայտնվելով Արևմուտքում և գտնվելով անհատների մոտ իրենց հավաքածուների կամ օգտագործման նպատակով։