30 նոյեմբերի 2015 - 13:12 AMT
Իրանը մտադիր է 30 մլրդ դոլարի նավթային պայմանագրեր կնքել

Իրանը վերանայել է արտասահմանյան էներգետիկ ընկերությունների հետ պայմանագրերի կնքման կարգը` փորձելով 30 մլրդ դոլարի նոր ներդրումներ ներգրավել:

Նոր նավթային պայմանագրերը գրավիչ կլինեն արտասահմանցի ներդրողների համար, որոնց առաջարկում են մասնաբաժնի ավելացում երկարաժամկետ շահույթով նախագծերում:

Այսպիսով, Իրանը, որն աշխարհում նավթի ու գազի ամենամեծ պաշարներն ունեցող երկրներից է, պատրաստվում է պատժամիջոցների չեղարկմանը, որը նախատեսվում է 2016-ի հուլիսին «վեցյակի» երկրների հետ Թեհրանի պայմանավորվածության շրջանակում:

Նոր պայմանագրերի մասին հայտարարվեց Թեհրանի կոնֆերանսում, որին մասնակցել են աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններ` BP, Shell, Total, Statoil, Sinopec: Նրանք շահագրգռված են մասնակցելու Իրանի նավթային հանքերի պաշարների արդյունահանմանը: Սակայն, ամերիկյան ընկերությունները չեն մասնակցել խորհրդաժողովին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ակնկալվում է, որ Թեհրանում անցնող խորհրդաժողովի ավարտին կհայտարարվի մոտ 50 նավթային և գազային պայմանագրերի մասին:

«Շարունակելու համար նավթի կարևոր առաքիչ լիենլու առաքելությունը, մենք հուսով ենք համագործակցել հուսալի միջազգային նավթային ընկերությունների հետ մի իրավիճակում, որը բոլորին շահավետ կլինի»,-ասել է Իրանի նավթային արդյունաբերության նախարար Բիջան Նամդար Զագանեհը:

Նախարարը նշել է նաև, որ Իրանը «խնդիր չի տեսնում, ոչ էլ առարկություն ունի ամերիկյան ընկերության մասնակցության հարցում»:

Իրանը հուսով է առաջիկա տարիներին շեշտակի ավելացնել նավթի արդյունահանումը` ներկայիս 3 մլն բարելից հասցնելով 5 միլիոնի տասնամյակի ավարտին: Իրանը խոստացել է ավելացնել արդյունահանումն օրական մինչև 500 հազար բարել, հենց որ պատժամիջոցները չեղարկվեն:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում:

«Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: