4 դեկտեմբերի 2015 - 13:57 AMT
Քրդամետ կուսակցության համանախագահը չի հնչեցրել «ցեղասպանություն» բառը Վաշինգտոնում

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դեկտեմբերի 1-ին մեկնել է Վաշինգտոն, որտեղ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ բարձաստիճան պաշտոնյաների հետ:

Վաշինգտոնում Դեմիրթաշը մասնակցել է նաև Միջին Արևելքի ինստիտուտի՝ Թուրքիայի վերբերյալ 6-րդ ամենամյա կոնֆերանսին: Հանդիպման ժամանակ հայ արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարց է ուղղել ԺԴԿ առաջնորդին:

Դեմիրթաշն ի պատասխան նշել է, որ Թուրքիայի կառավարությունը, ի դեմս նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի և նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ժամանակ առ ժամանակ որոշակի քայլեր է ձեռնարկել՝ ուղղված հայկական հարցի կարգավորմանը, գրում է Panorama.am-ը:

«Եթե հիշում եք, ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպվեցին, սահմանները բացելու, առևտրական կապերը խթանելու, փոխադարձ վստահություն ձևավորելու փորձեր արվեցին: Սա մի գործընթաց է, որն անհրաժեշտ է շարունակել»,- նշել է Դեմիրթաշը:

ԺԴԿ համանախագահն չի հնչեցրել «ցեղասպանություն» եզրը, բայց կարևորել է Թուրքիայի առերեսումն իր անցյալի հետ: Ըստ նրա՝ առերեսումը պետք է տեղի ունենա ոչ թե այսօրվա թուրք ժողովրդի ու հասարակության նսեմացման մեղադրման, այլ փոխըմբռնման ու համատեղ ապագայի կերտման հնարավորության ստեղծման հաշվին:

Դեմիրթաշը նշել է, որ մասնագիտական հանձնաժողովները կարող էին օգնել պատմական ճշմարտության վերհանման և առերեսման հարցում: Այդ պատճառով ԺԴԿ-ն բազմիցս խորհրդարանում բարձրացրել է հանձնաժողովների հարցը, բայց պատասխան չի ստացել:

«Եթե կարողանանք այս ամենը ծառայեցնել ոչ թե թուրք հասարակությանը մեղադրելու ու դատապարտելու, այլ բուժելու, բուժվելու և եղբայրանալու նպատակին, եթե կարողանանք անցյալի այդ ամբողջ ցավը համարձակորեն քննարկել, ուսումնասիրել, ներում խնդրել, ապա այդ դեպքում գուցե կկարողանանք համարձակորեն նայել ապագային և վստահ լինել, որ մի լավ գործ ենք արել», - եզրափակել է Դեմիրթաշը:

«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում նշվում էր, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։