Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեն Հայաստանին, Ադրբեջանին, Ռուսաստանին ու Թուրքիային առաջարկել է միասնական էներգետիկ ցանց ստեղծել:
Թբիլիսիում արված հայտարարության ժամանակ Կալաձեն խոսել է տարածաշրջանում միասնական էներգետիկ ցանցի ստեղծման մասին` նաև Վրաստանի մասնակցությամբ: Ընդ որում` Վրաստանին նա վերապահել է առհասարակ տարածաշրջանում էներգետիկ գործակցության գլխավոր նախաձեռնող, «Գրուզիա Օնլայն»-ին հղումով գրում է Tert.am-ը:
Վրաց բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե էներգետիկ սերտ գործակցությամբ հնարավոր կլինի հասնել նաև քաղաքական երկխոսության, մասշտաբային ներդրումներ ապահովել և զարգացնել տրանսպորտային միջանցքները:
Վրաստանն ու Ռուսաստանը էներգետիկ ոլորտում գործակցում են չնայած պաշտոնական դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը: Դիվանագիտական հարաբերությունները բացակայում են նաև Հայաստանի և Թուրքիայի, ՀՀ և Ադրբեջանի միջև: