Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 6-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում, տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին: Որպեսզի հանրաքվեն կայացած համարվի, դրան պիտի մասնակցի գրանցված 2 մլն 550 հազար 323 ընտրողի առնվազն 25%-ը:
Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ ընտրիչների ինստիտուտի ներմուծմամբ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:
Նախագահը ողջունել է հյուրին և նշել, որ պարբերաբար անցկացվող նման հանդիպումները հնարավորություն են ընձեռում քննարկելու Հայաստան-Եվրոպայի խորհուրդ բազմաբովանդակ գործակցությանը վերաբերող հարցեր:
Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում, ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական և հետևողական:
Նախագահի համոզմամբ, ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է նաև դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:
ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցող Ալան Միլը գոհունակությամբ է խոսել նախագահի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական և կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաև այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարևորվել և հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,-ասել է Ալան Միլը:
Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն են իրականացնում 18 տեղական հասարակական կազմակերպություն և 6 միջազգային կազմակերպություն, որոնց թվում են դիտորդներ ԱՊՀ դիտորդական առաքելությունից, ԱՊՀ միջխորհրդարանական կազմակերպությունից, օտարերկրյա ԿԸՀ ներկայացուցիչներ, դիտորդներ ԵԽԽՎ-ից, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների ներկայացուցիչներ:
Կարդացեք նաև՝ Հայաստանը քվեարկում է Սահմանադրության փոփոխությունների համար (թարմացվող)