8 դեկտեմբերի 2015 - 15:28 AMT
Իսրայելի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ ԵՏՄ բանակցությունները շուտով կմեկնարկեն

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ), որը համակարգում է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) գործունեությունը, առաջիկայում մտադիր է բանակցություններ սկսել Իսրայելի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ, հայտնել է ԵՏՀ ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Վիկտոր Սպասսսկին:

Իսրայելի հետ այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու մասին որոշումն ԵՏՄ անդամ 5 երկրների` ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի, ղեկավարներն ընդունել են Ղազախստանում տեղի ունեցած գագաթնաժողովում:

«Այժմ մենք մտադիր ենք բանակցային գործընթաց սկսել Իսրայելի հետ առևտրի ազատ գոտու ստեղծման շուրջ նոր համաձայնագրի վերաբերյալ»,-ասել է նա Doing Business with Eurasian Union խորհրդաժողովի կուլուարներում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Բանակցություններ սկսելու մասին որոշումը կայացվել է փորձագետների երկարատև աշխատանքի հիման վրա, որոնք եզրակացություն են ներկայացրել առևտրի ազատ գոտու ստեղծման նպատակահարմարության վերաբերյալ: Իսրայելի համար արդյունքը կլինի ապրանքաշրջանառության աճը ԵՏՄ երկրների հետ 6-8 տոկոսով: Ռուսաստանի համար աճն այնքան մեծ չի լինի` մոտ 10 տոկոս, սակայն մասնագետները հուսով են, որ ինտեգրումը նոր որակ կապահովի Իսրայելի հետ հարաբերություններում` ակտիվացնելով ներդրումներն ու տեխնոլոգիաների ներմուծումը:

Ավելի վաղ Իսրայելի կառավարության անդամ, ռուս-իսրայելյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Զեև Էլկինը հայտարարել էր, որ Իսրայելը հուսով է, որ 2016-ի սկզբին կսկսվեն ԵՏՄ հետ առևտրի ազատ գոտու մասին բանակցությունները և մոտավորապես 2 տարում հնարավոր կլինի համաձայնագիր կնքել:

«Մենք առաջարկում ենք ռուսական կողմին բանակցություններ սկսել արդեն տարեսկզբին և 2016-ի ընթացքում ավարտել բանակցությունների առնվազն 2 փուլը: Բարդ է նախապես կանխատեսել համաձայնության ճշգրիտ ամսաթիվը, դա կախված է նրանից, թե որքան բարդ կլինեն հարցերը: Որպես կանոն, նորմալ տեմպով աշխատելու դեպքում, 2-2,5 տարում հնարավոր կլինի մոտենալ նման համաձայնագրի կնքմանը»,-ասել է Էլկինը` պատասխանելով ռուսական լրատվական գործակալությունների հարցերին:

«Մենք մեր հերթին կանենք ամեն ինչ, որպեսզի դա որքան հնարավոր է արագ լինի: Մենք կարծում ենք, որ դա մեծ ներուժ ունի Իսրայելի տնտեսության և ԵՏՄ անդամ երկրների համար: Կարծում եմ, որ ձգձգելու պատճառ չկա»,-հավելել է նա: