Դեկտեմբերի 7-ին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության ԳԴՀ հրամանատարության տակ գտնվող հյուսիսային հրամանատարության կազմում Մազարի Շարիֆի Քեմփ Մարմալ ռազմաբազայում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարար տիկին Ուրսուլա վոն դեր Լեյենը:
Նախարարը հայկական զորախմբի հրամանատարի և անձնակազմի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության և գործակցության համար: Նշել է, որ Հայաստանը ունենալով կայունության և խաղաղաության ապահովման գործում մեծ փորձ` համարվում է վստահելի գործընկեր, և ակնկալվում է, որ այս գործընկերությունը երկարատև կլինի:
Հայաստանը խաղաղապահ առաքելություն է իրականացնում աշխարհի չորս երկրում՝ Կոսովոյում (35 զինվորական), Աֆղանստանում (56 զինվորական), Լիբանանում (32 զինվորական) և Մալիում (1 զինվորական)՝ ընդհանուր թվով 124 զինվորականների մասնակցությամբ: Ընդ որում, Կոսովոյում ու Աֆղանստանում հայ խաղաղապահ զորամիավորումները գործում են ՆԱՏՕ-ի հովանու ներքո, իսկ Լիբանանում և Մալիում՝ ՄԱԿ-ի: