10 դեկտեմբերի 2015 - 14:10 AMT
ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են հայ ռազմագերուն

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին: Այս մասին ասել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը, հայտնում է «Արցախպրես»-ը:

«Այցի ժամանակ ռազմագերուն փոխանցվել են նորություններ իր ընտանիքից, ինչպես նաև իր մասին նա որոշակի տեղեկություններ է փոխանցել իր ընտանիքի անդամներին»,- նշել է Է. Մուսայելյանը։

«Համաձայն իր առաքելության` ԿԽՄԿ-ն բանտարկյալներին այցելում է, որպեսզի նրանց ազատազրկման պայմանների և վերաբերմունքի դիտարկում անցկացնի և կապ ապահովի բանտարկյալների և նրա հարազատների միջև»,- նշել է Էթերի Մուսայելյանը։

Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014թ. դեկտեմբերի 26-ին։

Արսեն Բաղդասարյանն, ըստ Ադրբեջանի ՊՆ վարկածի, գերեվարվել է 2014-ի դեկտեմբերի 27-ին, «դիվերսիան» ետ մղելիս: ԼՂՀ ՊԲ-ն հերքեց դիվերսիայի փորձը, իսկ ինքը Բաղդասարյանը, լինելով պայմանագրային զինծառայող, ԼՂՀ ՊԲ հաղորդագրության համաձայն, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: Ադրբեջանական կողմը, սակայն, չի հրաժարվում «ձերբակալված դիվերսանտի» վարկածից:

Բաղդասարյանին «մեղադրանք է ներկայացվել» 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 282.2 (պայթեցման, հրկիզման կամ այլ գործողությունների, ուղղված ձեռնարկությունների, կառույցների, հաղորդակցության ուղիների, կապի և հաղորդակցության միջոցների, բնակչության կենսաապահովման օբյեկտների փլուզմանը կամ վնասմանը` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանունակության և տնտեսական անվտանգության խարխլման նպատակով, ինչպես նաև զանգվածային թունավորում կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդությունների տարածում նույն նպատակով) հոդվածներով: