Սիրիական Հալեպի առնվազն 30 բնակիչ է զոհվել ականանետերից գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը ՏԱՍՍ-ի փոխանցմամբ: Կրակը բացել են ծայրահեղական խմբավորումները:
Ըստ տեղեկությունների, Հալեպի արևմտյան մասի թաղամասերը զանգվածային գնդակոծության են ենթարկվել 2 օր շարունակ:
Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրեցին Խանասերի ճանապարհը Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Հոկտեմբերից այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից:
Նոյեմբերին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբից առնվազն 120.000 մարդ է լքել տները Հալեպում, Համայում և Իդլիբում մարտական գործողությունների պատճառով:
Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության 4,5 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 250 հազար մարդ, ավելի քան 4 մլն դարձել է փախստական: Հումանիտար օգնության կարիք ունեցողների թիվը գերազանցում 12 միլիոնը, որոնցից գրեթե 500 հազարը դժվարանցանելի շրջաններում է գտնվում: