11 դեկտեմբերի 2015 - 14:16 AMT
Կալաձե. Վրաստանի համար շահավետ չի լինի, եթե Հայաստանը գազը ստանա Իրանից

Վրաստանի համար շահավետ չի լինի, եթե Հայաստանը գազը ստանա Իրանից, դա վատ կլինի և անըդունելի: Այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Կախա Կալաձեն` ներկայացնելով Լյուքսեմբուրգում «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի հետ բանակցությունների մանրամասները, հայտնում է «Վզգլյադ» թերթը:

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունն ու Իրանն աշխատում են Հայաստան գազ մատակարարելու փոխանակման գործողությունների հարցի վրա:

«Գազպրոմն» առաջարկել է, որ գազի այն 10 տոկոսը, որը Ռուսաստանը թողնում է Վրաստանին Հայաստան առաքվող գազի ծավալից տարանցման համար, փոխհատուցվի ֆինանսապես: Վերջնական որոշում դեռ չի կայացվել»,-ասել է Կալաձեն:

Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար` Մոզդոկ-Թբիլիսի-Հայաստան գազատարով:

Նա հավելել է նաև, որ Վրաստանը պետք է առավելագույն օգուտ ստանա դեպի Հայաստանի ռուսական գազի տարանցումից»,-ասել է Կալաձեն: Նա հայտնել է, որ մինչև տարեվերջ տեղի կունենան հանդիպումներ այդ հարցի շուրջ` որպեսզի արդեն դեկտեմբերին վերջնական որոշում կայացվի:

Կալաձեն ասել է, որ «Վրաստանի համար շահավետ չէ, որ Հայաստանը գազը ստանա Իրանից»` հավելելեվ, որ նման հեռանկարներ կան, և Ալեքսեյ Միլերի հետ հանդիպմանը «նման ակնարկներ» եղել են:

«Նրանք ակնարկել են, որ Հայաստանի համար գազն Իրանից առաքեն: Բնականաբար, դա շատ վատ է, անընդունելի է մեզ համար: Բայց նրանք ունեն այդպիսի հնարավորություն, այդ մասին էր խոսքը: Իրանը շատ հետաքրքիր շուկա է, հսկայական ռեսուրսներով, մենք սկսել ենք աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Կալաձեն, հայտնում է «Գրուզիա-Օնլայնը»:

Իրանի դեմ պատժամիջոցների ակնկալվող չեղարկման կապակցությամբ Վրաստանի փոխվարչապետը մտադիր է այցելել Իրան և պայմանավորվել համագործակցության մասին:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ և էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանը չունի այնքան ռեսուրսներ, որ կարողանա բավարարել Վրաստանի գազի պահանջարկն, ուստի Վրաստանին գազի լրացուցիչ ծավալ է հարկավոր Ռուսաստանից:

2015-ի հունվար-սեպտեմբերին Վրաստանն Ադրբեջանից ներկրել է մոտ 968 հազար տոննա գազ` մոտ $ 202 մլն, ինչը 25 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ադրբեջանը գազի հիմնական առաքիչն է այդ երկիր, բացի այդ Վրաստանը գազ է ստանում Ռուսաստանից որպես վճար դեպի Հայաստան գազի տարանցման համար: Ռուսաստանից գազի առաքումների վերսկսման հնարավորությունը սկանդալի պատճառ դարձավ Վրաստանում` նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցները մեղադրում են Վրաստանի իշխանություններին երկրի արևմտամետ քաղաքական կուրսը փոխելու մտադրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն անդրադարձել է գազի գնման ծավալների ավելացման անհրաժեշտությանը: Նա հայտարարել էր, որ ապագայում Վրաստանը կարող է գազ գնել Իրանից: «Առաջիկայում Վրաստանը կկարողանա գազ գնել Իրանից միայն Հայաստանի և Ադրբեջանի տարածքով: Մենք այլ ելք չունենք: Սա երկարաժամկետ նախագիծ է և մենք կքննարկենք այն», ասել էր Կալաձեն:

Մինչ այդ Կալաձեն հանդիպումներ է ունեցել Միլերի հետ Միլանում և Բրյուսելում: 2014-ին «Գազպրոմը» Վրաստան է առաքել 0,3 մլրդ խմ գազ: Վրաստանի կախվածությունը էներգակիրների ներկրումից հասնում է 75 տոկոսի: