Ռուսական «Սմետլիվի» պարեկային նավի անձնակազմը, որը գտնվել է հունական Լեմնոս կղզուց 22 կմ հեռավորության վրա` Էգեյան ծովի հյուսիսային հատվածում, դեկտեմբերի 13-ին նախազգուշացնող կրակ է բացել կանխելու համար բախումը թուրքական սեյների հետ:
Ինչպես հայտնում է Interfax-ը ՌԴ ՊՆ մամուլի և տեղեկատվության վարչության վրա հղումով, միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով առավոտյան 9-ին: «Մոտ 1000 մ հեռավորության վրա հայտնաբերվել է թուրքական նավ, որն աջ կողմից մոտենում էր խարսխված «Սմետլիվի» նավին»,-ասել են գերատեսչությունում:
«Չնայած «Սմետլիվիի» անձնակազմի բազում փորձերին, թուրքական ձկնորսական նավի անձնակազմը ռադիոկապ չի հաստատել ռուս նավաստիների հետ և չի պատասխանել հատուկ ազդանշաններին և ազդանշանային հրթիռներին: Երբ թուրքական նավն արդեն 600 մ հեռավորության վրա էր, կանխելու համար բախումը ռուսական պարեկային նավի հետ, թուրքական նավի ուղղությամբ, սակայն այն չխոցելու երաշխավորված տարածության վրա, կիրառվել է հրաձգային զենք»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ:
Ինչպես ասել են նախարարությունում, «անմիջապես դրանից հետո թուրքական նավը կտրուկ փոխել է ուղղությունն ու կապ չհաստատելով ռուսական նավի հետ, շարունակել է ընթացքը «Սմետլիվիի» կողքով 540 մ հեռավորության վրա»: «Էգեյան ծովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՌԴ ՊՆ փոխղեկավար Անատոլի Անտոնովը ՌԴ ՊՆ է կանչել Ռուսաստանում Թուրքիայի դեսպանության ռազմական կցորդին»,-ասել են նախարարությունում:
ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:
Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: