Մարին լը Պենի Ազգային ճակատը, որն առաջատար էր Ֆրանսիայի 6 շրջաններում տեղական մարմինների ընտրությունների առաջին փուլից հետո, երկրորդ փուլում չի կարողացել առաջին տեղ ապահովել դրանցից ոչ մեկում:
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, Ազգային ճակատն ընտրությունների երկրորդ փուլի արդյունքում գրավել է 3-րդ տեղը` զիջելով սոցիալիստական կուսակցության և Նիկոլյա Սարկոզիի գլխավորած հանրապետականների կուսակցությունից իր մրցակիցներին:
Ընտրողների 39%-ը նախապատվությունը տվել է հանրապետականներին, սոցիալիստները ստացել են ֆրանսիացիների 31%-ի աջակցությունը, իսկ Ազգային ճակատը ստացել է 28%:
Ազգային ճակատի առաջնորդ Մարին լը Պենը տանուլ է տվել հանրապետականների թեկնածու Քսավիե Բերտրանին` ստանալով ընտրողների 43%-ի աջակցությունը: Նրա զարմուհին` Մարեշալ լը Պենը, որը հաղթել էր Պրովանսում, պարտվել է Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզիին, որը ներկայացնում էր Սարկոզիի կուսակցությունը, հայտնում է ՌԲԿ-ն:
Reuters-ն ազգայնականների անհաջողությունը բացատրում է այն փաստով, որ այդ 2 առանցքային շրջաններում սոցիալիստները կոչ են արել ընտրողներին քվեարկել հանրապետականների օգտին` թույլ չտալու համար, որ Լը Պենի կուսակցությունը գա իշխանության: Արդյունքների վրա ազդել է նաև մասնակցությունը`61%, որը շատ ավելի բարձր էր, քան առաջին փուլում: Այն ժամանակ ընտրություններին մասնակցել էր ընտրողների 50%-ը:
Ընտրությունների առաջին փուլում Ազգային ճակատն առաջ էր անցել թե աջակողմյաններից, թե ձախերից: «Մենք միակն ենք, ով պաշտպանում է ազգն ու նրա ինքնիշխանությունը»,-ասել էր Մարին լը Պենը դեկտեմբերի 6-ին կայացած ընտրություններից հետո: Կուսակցության գլխավոր պահանջներից է կասեցնել ներգաղթյալների հոսքը Ֆրանսիա, ինչպես նաև առավել ինքնուրույն քաղաքականություն վարել և արմատապես վերանայել հարաբերությունները Եվրամիության հետ:
Ընտրելու իրավունք ունեցողների առնվազն 40 տոկոսը` մոտ 20 մլն մարդ, չի մասնակցել ընտրությունների առաջին փուլին:
Ազգային ճակատը հիմնել է Ժան Մարի լը Պենը 1972 թվականին: Փաստացի նրա հայտնվելը կապված է սոցիալիստներին այլընտրանք գտնելու որոնումների հետ: